կարևոր
1702 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-09 19:58

Ընդդիմության պատասխանատվությունը մեկ հանգամանքով է պայմանավորված՝ վարկանիշը սրընթաց բարձրանում է․ Արամ Վարդևանյան

Ընդդիմության պատասխանատվությունը մեկ հանգամանքով է պայմանավորված՝ վարկանիշը սրընթաց բարձրանում է․ Արամ Վարդևանյան

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացրած հաշվետվությունում ոչ մի բառ չկար ՀՀ-ում տիրող իրական իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

«Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի գործողություններն առնվազն կանխակալ վերաբերմունքի էական ռիսկեր են պարունակում և այս փուլում խիստ մտահոգիչ են»,-ասաց նա՝ նշելով, թե պատշաճ դիտորդական առաքելություն իրականացնելու տեսանկյունից այս ժամանակահատվածում առկա տեղեկատվությունը ծայրահեղ մտահոգիչ է։

Ըստ Վարդևանյանի՝ վերջին շրջանում ակնհայտ է վարչական ռեսուրսի կիրառումը ոստիկանական ուժերի առումով․

«Վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը մեկնել է արձակուրդ, իսկ արձակուրդի ժամանակ նա մեկ երաշխիքից օգտվելու հնարավորություն ունի՝ ՊՊԾ աշխատակիցների գործունեությունը։ Ոստիկանական ուժերը ոչ մի առնչություն չունեն այդ հարցի հետ։ Բայց այսօր ստանում ենք տեղեկություն, որ, օրինակ, գեներալ-գնդապետ Օհանյանը մեկնում է Գյումրի, և ճանապարհները փակում են ոստինանները՝ զուտ այն պատճառով, որ այնտեղ է գտնվում Նիկոլ Փաշինյանը․ սա ինչ է, եթե ոչ վարչական ռեսուրսի չարաշահում»,-ասաց նա։

Ըստ նրա սա միակ խնդիրը չէ, մեկ այլ խնդիր էլ կա Անձնագրային և վիզաների վարչության աշխատանքի դեպքում։

«Վերջինս մի դեպքաում Արցախից ժամանած քաղաքացիներին տրամադրում է տեղեկանք՝ ընտրություններին մասնակցելու համար, մեկ այլ դեպքում մերժում է»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ վենդետա անելու հայտարարություններին, Վարդևանյանն նեց, որ այս իշխանությունները փորձում էին իրենց ներկայացնել իբրև քրեական ենթամշակույթի դեմ պայքարող․

«Թող ուսումնասիրեն՝ վենդետա բառն ինչի հետ առնչություն ունի»։

Այս դիտարկմանը, թե ատելության մթնոլորտի համար մեղադրում են նաև ընդդիմությանը, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչն պատասխանեց․

«Լարվածության պատասխանատվությունը գտնվում է բացառապես մի խումբ անձանց գործողությունների տիրույթում։ Ընդդիմության պատասխանատվությունը մեկ հանգամանքով է պայմանավորված՝ վարկանիշը սրընթաց բարձրանում է»,-ասաց նա։