Մեղրիի գնդի հրամանատար Արգամ Գեւորգյանի եւ Մեհրաբի գնդի հրամանատար Արտակ Թադեւոսյանի նկատմամբ ծառայողական քննությունն է սկսվել եւ մինչեւ դրա ավարտը նրանց ծառայողական պարտականությունները կասեցվել են: Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից:
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն հրամանատարներն ազատվել են ծառայությունից նրանց քաղաքական հայացքների համար:
Անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ իր ունեցած տեղեկության համաձայն նախնական փորձել են Արտակ Թադեւոսյանին ազատել, իսկ այնուհետեւ ողջ հրամկազմին, այդ թվում նաեւ Գրիգորի Խաչատուրովին:
Ըստ Հովսեփյանի սա նշանակում է, որ այս քայլը ոչ թե քաղաքական ինչ-որ ներգրավվածության կամ հայացքների հարց է, այլ պատրվակ է Տավուշի 7 գյուղերի լուռ հանձնման:
Ուստի, պատգամավորը կոչ է անում Գլխավոր շտաբի պետին եւ պաշտպանության նախարարին, հեռու մնալ նման քայլից, այլապես սա կլինի համահայկական ընդվզման նախապայման:
Ի դեպ, Արտակ Թադեւոսյանը հուլիսյան դեպքերի ընթացքում եղել է հրամանատարական կազմում: