կարևոր
1750 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-09 12:58

Սենատոր Մենենդեսը հայտարարել է, որ հիասթափված է ԱՄՆ վարչակազմի որոշումից՝ Ադրբեջանի կառավարությանը ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ

Միացյալ Նահանգները կշարունակի ուսումնասիրել Ադրբեջանին տարատեսակ օգնություն, այդ թվում՝ ռազմական աջակցություն տրամադրելու հետագա նպատակահարմարությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ:

Բաքվին Վաշինգտոնի օգնության հարցը բարձրացրել է հանձնաժողովի ղեկավար Բոբ Մենենդեսը՝ հայտարարելով, որ հիասթափված է ԱՄՆ վարչակազմի որոշումից՝ Ադրբեջանի կառավարությանը օգնություն տրամադրելու վերաբերյալ, ներառյալ՝ ռազմական՝ հաշվի չառնելով Արցախի վրա Բաքվի հարձակումը:

«Մենք շարունակելու ենք ուսումնասիրել հարցը: Ես ակտիվորեն աշխատել եմ սրա շուրջ: Հատկապես գերիների վերադարձի, բանակցությունների շուրջ` նպատակ ունենալով կարգավորել հակամարտությունը»,- պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարը:

Հայտարարությանն արձագանքել է նաև Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: Գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է՝ միանում են Կոնգրեսում իրենց դաշնակիցներին՝ պահանջելով Բայդենի վարչակազմից անհապաղ դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ցանկացած տեսակի օգնությունը, այդ թվում՝ ռազմական: