Ադրբեջանցի դատախազը պահանջել է 20 տարվա ազատազրկման դատապարտել Ադրբեջանում գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեկջյանին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հունիսի 8-ին Բաքվի ռազմական դատարանում տեղի է ունեցել Արցախում ադրբեջանցիների կողմից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեկջյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը, որի ընթացքում Էուլջեկջյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել՝ գործը նախաքննության փուլ վերադարձնելու վերաբերյալ, որը մերժվել է։
Ադրբեջանը Վիգեն Էուլջեկջյանին մեղադրում է Ադրբեջանի դեմ «ահաբեկչական գործողությունների» իրականացման և «վարձկանության» մեջ, թե, իբր, «2500 դոլարի համար համաձայնել է մասնակցել 2020-ի աշնանն Արցախում վերսկսված ռազմական գործողություններին»:
Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 114.3-րդ, 214.2.1-րդ, 318-րդ հոդվածների հատկանիշներով, իսկ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Հիշեցնենք, որ Վիգենը գերեվարվել է Շուշիի մերձակայքում՝ հրադադարի մասին հայտարարությունից մեկ օր անց։ 2020 թ. նոյեմբերի 10-ին Մարալ Նաջարյանի հետ Վիգենը մեկնել է Արցախ, որպեսզի իր իրերը վերցնի Շուշիի հյուրանոցից: Նրանց կանգնեցրել են ադրբեջանական զորքերը և ավտոբուսով տեղափոխել Բաքու՝ բազմաթիվ այլ հայ գերիների, քաղաքացիական անձանց և զինվորների հետ։ Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել 2021 թվականի մարտին, մինչդեռ Վիգենը դեռ գերության մեջ է, Ադրբեջանը նրա դեմ նախաձեռնել է քրեական գործընթաց՝ փորձելով վերջինին ներկայացնել որպես «վարձկան»:
Աղբյուր` Փաստինֆո