Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարների հեռախոսազրույցի ընթացքում քննարկված թեմաներից մեկը եղել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Արցախի շուրջ, ինչպես նաև առաջխաղացումը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի և այս տարվա հունվարի 11-ի հայտարարությունների դրույթների կատարման գործում: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:
«Ընդգծվել է հրադադարի ռեժիմին խստորեն ենթարկվելու կարևորությունը և առաջացող տարաձայնությունները քաղաքական-դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը: Նախարարները հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացում»,- ասվում է հաղորդագրությունում;
Ռուսական կողմը նշել է, որ «միջազգային կազմակերպությունների ցանկացած կապ հնարավոր է միայն Բաքվի և Երևանի համաձայնությամբ»։
Երկուշաբթի տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի և Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասի հետ: