Մեկնարկել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի տարածաշրջանային այցը Հարավային Կովկաս: Առաջին կանգառը Թբիլիսին է:
«Ջո Բայդենի վարչակազմի օրոք էլ Վրաստանը մնում է Հարավային Կովկասում ու Սեւծովյան տարածաշրջանում Ամերիկայի ռազմավարական գործընկերը»,- հայտարարել է Ռիքերը:
Նրա խոսքով՝ այս այցը հստակ ցույց է տալիս Միացյալ Նահանգների աճող հետաքրքվածությունն ու ներգրավվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում:
Ռիքերը նաեւ վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը Վրաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, եվրատլանտյան ձգտումներին ու պաշտպանական ոլորտի ամրապնդմանը: Փոխպետքարտուղարի պաշտոնակատարը հստակ նշել է, որ Վաշինգտոնը պաշտպանում է Վրաստանի ինտեգրումը ՆԱՏՕ-ին:
Տարածաշրջանային այցը կտեւի մինչեւ հունիսի 13-ը: Ռիքերը կայցելի Բաքու ու Երեւան, ապա կվերադառնա Վրաստան՝ շարունակելու բանակցությունները:
Թե ո՞վ է ընդունելու ամերիկացի այս բարձրաստիճան պաշտոնյային Հայաստանում այն պարագայում, երբ արտգործնախարարության ղեկավար կազմն աշխատանքից ազատման դիմումներ է գրել, իսկ Նիկոլ Փաշինյանը, նախընտրական շրջանով պայմանավորված, արձակուրդում է, դեռեւս պարզ չէ: