«Հայ Ազգային կոնգրես» կուսակցությունը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը:
Ծրագրի մի մասը, որը վերաբերում է արտաքին քաղաքականությանը եւ Արցախի հիմնախնդրին, ներկայացրեց կուսակցության անդամ Արման Մուսիսյանը:
Նա մատնանշեց առաջին երկու հիմնական ուղղությունները, որոնց վրա կարեւոր է կենտրոնացնել ուշադրությունը անվտանգության հարցում:
«Առաջինը ոչնչացված ռազմական համակարգն է, որն արագ տեմպերով պետք է վերականգնել: Երկրորդը հայկական դիվանագիտությունն է, որը նորացման կարիք ունի: Վերջինս ունի կենսական նշանակություն, քանի որ հնարավոր է դառնում կապ հաստատել դաշնակիցների, ինչպես նաեւ բոլոր այն երկրների հետ, որոնք այսօր ազդեցություն ունեն Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված:
Առաջին հերթին անհրաժեշտ է Ռուսաստանի հետ երկկողմ նոր մեխանիզմներ ստեղծել՝ ուղղված դաշնակցային հարաբերությունների խորացմանն ու ներդաշնակեցմանը, ինչը երկարաժամկետ հեռանկարում հնարավորություն կտա վերացնել առկա սպառնալիքները եւ երկարաժամկետ անվտանգության հիմքեր ստեղծել: Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի անորոշ կարգավիճակը, անհրաժեշտ է, որպեսզի Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները, ինչպես նաեւ Ադրբեջանը, այդ խնդրի պարզաբանմանն ուղղված բանակցություններ սկսեն վարել եւ աստիճանաբար փոխվստահության հասնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչը թույլ կտա հետագայում ռազմական հակամարտությունը դադարեցնելու մասին համաձայնագիր կնքել եւ հող նախապատրաստել հետագա հարաբերությունների համար:
Եթե ներսում մենք հրատապ միջոցներ չձեռնարկենք, ապա մեր ձեռքերը կապված կլինեն մեր ծրագրի իրականացման հարցում: Դրա համար նախ անհրաժեշտ է հասնել պետական համակարգի վերահսկելիությանը, որը փլուզվել է ներկայիս իշխանությունների գործունեության արդյունքում:
Երկրորդ` կարեւոր է հասնել ներքաղաքական կայունության եւ հասարակության մեջ համերաշխություն ստեղծել, ինչը կդառնա հաջորդ իշխանությունների հուսալի թիկունքն արտաքին քաղաքականությունում»,- հավելեց Արման Մուսիսյանը: Կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը պարզաբանեց, որ ՀԱԿ նախընտրական ծրագիրը հիմնված է քաղաքական իրատեսության վրա:
«Վիճակը, որում հայտնվել է Հայաստանը, չի կարող շտկվել սովորական միջոցներով, պետական կառավարման ստանդարտ ծրագրերով: Այս արտահերթ ընտրությունները պետք է ընկալվեն որպես հայոց պետականության փրկության հատուկ գործողություն»,- նշել է ՀԱԿ-ի խոսնակ Արման Մուսինյանը:
Նրա խոսքով՝ ազգային նպատակների իրականացման միակ ճանապարհն իրատեսությունն է, սակայն իշխանությունը 3 տարի առաջնորդվել է պատրանքներով:
«Սրանք սովորական ընտրություններ չեն, իրավիճակը երկրում պայթյունավտանգ է: Սրանք կլինեն Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ եւ վտանգավոր ընտրությունները»,-անդրադառնալով ընտրությունների հայտարարել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունից Հայաստանի վարչապետի թեկնածու, երկրի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: