կարևոր
1534 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-07 19:20

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավը սկսել է միջադեպերով

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավը սկսել է միջադեպերով

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սկսել է քարոզարշավն ամենաշատ ընտրողներ ունեցող մարզից՝ Արմավիրից, ընտրողների հետ հանդիպում-հանրահավաքներ են անցկացվել Փարաքար, Էջմիածին, Գայ, Մեծամոր, Փշատավան, Նորապատ, Մրգաշատ, Արմավիր, Դալարիկ համայնքներում:

Քարոզարշավն անձամբ Նիկոլ Փաշինյանն է իրականացնում:

Վարչապետի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Փաշինյանի ստորագրած որոշումներով՝ Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Արմավիրի մարզպետերը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը չվճարվող արձակուրդում են այժմ:

Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ է իրականացնում աշխատանքային ժամին, բայց նրա՝ արձակուրդում գտնվելու վերաբերյալ որոշման մասին տեղեկագիր՝ պաշտոնական կայքում մի քանի ժամ շարունակ չկար: Փաշինյանն արձակուրդու՞մ է, թե՞ վարչապետի պարտականությունները կատարելու հետ մեկտեղ է քարոզարշավ իրականացնում՝ կեսօրին փորձել էինք ճշտել նրա խոնակ Մանե Գեւորգյանից, բայց նրա հետ կապ հաստատել չէր հաջողվել:

Ավելի ուշ կառավարության կայքէջում հրապարակվել է Փաշինյանին մինչեւ հունիսի 18-ը արձակուրդ տրամադրելու որոշումը:

Նշենք, որ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ միջադեպեր են գրանցվել:

Մի կնոջ, որը հանրահավաքի վայրում իր անհամաձայնությունն էր հայտնել Նիկոլ Փաշինյանի՝ քարոզարշավ իրականացնելու առնչությամբ, մի քանի ոստիկան ուժ կիրառելով նստեցրել են քաղաքացիական համարանիշով մեքենա եւ հեռացրել այդ վայրից:

Մեկ այլ դեպքում էլ, երբ քաղաքացիներից մեկը նույնպես իր դժգոհությունն է հայտնել, նրան սկսել են հետապնդել, իսկ տեսանյութում լսվում է այսպիսի արտահայտություն՝ «Բռնեք դրան»: Ոստիկանությունից ավելի ուշ հայտնել են, որ 3 մարդ է ձերբակալվել, մեկը՝ ընտրարշավին խոչընդոտելու համար, իսկ քրեական օրենսգրքի այդ հոդվածն ընդունվել է որոշ ժամանակ առաջ՝ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցիցի հետո, որի ժամանակ նրա հասցեին տեղի բնակիչները հայհոյանքներ էին հնչեցրել: Մյուս երկու անձինք ձերբակալվել են իրավապահների պահանջը չկատարելու հատկանիշներով: