կարևոր
1150 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-07 13:41

Նիկոլիզմը նման է քաղցկեղի, որը ամեն օր հյուծում է մեր ազգային Ոգին, Միտքը և Դիմադրողականությունը. Վարդան Պետրոսյան

Նիկոլիզմը նման է քաղցկեղի, որը ամեն օր հյուծում է մեր ազգային Ոգին, Միտքը և Դիմադրողականությունը. Վարդան Պետրոսյան

 

ԵՊՀ ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ Վարդան Պետրոսյանի գրառումը․

«Խոսքս ուղղում եմ առաջին հերթին ինձ ճանաչողներին.

- իմ համագյուղացիներին՝ գառնեցիներին,

- իմ հազարավոր ուսանողներին՝ ներկա և նախկին,

- բոլորին, որոնց հետ սովորել եմ, աշխատել կամ ճանաչել եմ ինչ-ինչ հանգա­մանք­ներում:

Այլ կերպ՝ բոլոր նրանց, որոնց համար իմ խոսքը կարող է արժեք ունենալ:

Հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունները պարզապես իշխա­նու­թյան ընտ­րու­թյուններ չեն և ոչ էլ սոսկ կառավարման ճգնաժամով պայմա­նա­վորված ընտ­րություններ, որպեսզի վիճակի հետ վերջին երկու տարիներին  չորս անգամ բախվել է, օրինակ, Իսրայելի բնակչությունը: Առաջիկա ընտրու­թյուն­ները լինելու են 1990-ից ի վեր ամենից վճռորոշ, իսկապես՝ բախտորոշ ընտրությունները Հայաստանի երրորդ հանրապետության երեսն­ամյա պատ­մու­­թյան մեջ: Այս ընտրություններն առաջինն են, որոնց արդ­յունք­ներից կախված է լի­նե­լու մեր՝ հինգ­հա­զար­ամյա պետականության պատմություն ունե­ցող ժողովրդիս, պետու­թյուն ունենալ-չունենալու, իբրև ազգ՝ համաշխարհային մեծ ընտա­նի­քում մեր տեղն ունե­նալ-չունենալու հարցը: Ստեղծված իրավիճակի մեծ պատասխա­նա­տվու­թյունը միա­ժա­մանակ ավելի է դժվարացնում կողմնո­րոշ­վելու հնարավո­րու­թյունը: Մեզ հուզող հարցերի մասին կուսակացական-քաղաքական գոր­ծիչ­ներից ամեն օր լսում ենք իրարամերժ բացատրություններ, առաջարկու­թյուն­ներ, լուսավոր ապա­գայի խոստումներ, և բնականաբար հեշտ չէ բառերի այդ լաբիրինթոսում կողն­ո­րոշ­վե­լը: Հասարակության տարբեր շեր­տերի հետ շփումները ցույց են տալիս, որ շա­տերը դեռևս մնում են իրենց կանխակալ պատ­կե­րացումների գերին, չեն հաղթահարել ազգը «նախ­կին­ների և ներկաների»  բաժանելու կեղծ օրակարգը: Այդ իրողությունը վկայում է մեկ բանի մասին. այդպիսի մարդիկ դեռևս չեն հաս­կացել մեզ սպասվող ընտրությունների իրական նշանակությունը: Ազգը «նախ­կին­ների և ներկաների» բաժանողները հետա­պն­դում են մեկ հիմնական նպա­տակ՝ նրանք առաջնորդվում են «բա­ժա­նիր, որ տիրես» սկզբունքով, որը բացառապես կոչված է սպասարկելու իրենց անձնական-կուսակցական շահերը: Դա խորամանկ, բայց թույլ մարդկանց սկզբունք է, իսկ թույլ մարդիկ չեն կարող ուժեղ ղեկավարներ լինել, հետևաբար չեն կարող պետու­թյուն ու ժողովուրդ առաջնորդել: Ցանկացած մակարդակի իշխանության, առավել ևս համապետական առաջնորդի ընտրությունը չի կա­րե­լի կատարել զգացմունքներով, անձնավորված համակրանքներով ու հակա­կրանքներով, առավել ևս՝ այսրոպեկան մանրախնդիր հաշվարկներից ելնելով: Մեր կարծիքով, այդպիսի ընտ­րու­թյուններում պիտի առաջնորդվել մի քանի հիմ­նական չափանիշներով, որոնցից ինքնաբերաբար կարող են բխել ընտրու­թյան սկզբունքները: Այդպիսիք կարող են լինել հետևյալները:-

1) Անթերի իշխանություններ չեն լինում, ինչպես որ չկան անթերի մար­դիկ: Այս իրողությունը միշտ ունի ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ կողմ, բայց դրանց քննությունը մեզ շատ հեռուն կտանի և կշեղի բուն խնդիրներից:

2) Ոչ մի պարագայում պետության ղեկը չի կարելի վստահել պետական կա­ռա­վարման բավարար փորձ չունեցող, առավել ևս՝ այդպիսի փորձից իսպառ զուրկ մարդկանց: ՀՀ ներկա վիճակը ցույց է տալիս, որ այդ սկզբունքի կարևո­րու­թյունը չափազանց մեծ է հատկապես մեր տիպի ժողո­վուրդ­ների համար, որոնք ունեն չլուծված ազգային հիմնահարցեր, հետևաբար՝ տարա­ծա­շր­ջա­նային խնդիրներ հարևանների հետ և գտնվելով աշխարհաքա­ղա­քա­կան հետա­քրք­րու­թյունների խաչմերուկում՝ մշտապես ենթակա են արտաքին ազդեցու­թյուն­ների:

3) Չի կարելի ընտրել աշխարհաքաղաքացիների (կոսմոպոլիտների), որոնք իրենց մութ, ապազգային հայացքներով ավելի շատ հակված են դառնալու օտար շահերի սպասարկուները մեր երկրում, քան ծառայելու սեփական ժողո­վրդի բար­օրու­թյանը:

4) Չի կարելի ընտրել ամբոխվարներին (պոպուլիստներին), որոնց խոսքն ու գործը, որպես կանոն, հակասում են միմյանց:

5) Չի կարելի ընտրել ստախոսներին և ամբարտավաններին, որոնց համար գոյություն չունեն տաբուներ և կարմիր գծեր: Որոնք այդ պահի իրենց խնդիրները լուծելու համար պատրաստ են ուրանալ ամեն ինչ և բոլորին:

6) Առաջիկա խորհրդարա­նա­կան ընտրությունները ոչ մի դեպքում չի կարե­լի դիտել իբրև կենցաղային հարցեր լուծելու միջոց: Մի բան, որը այս կամ այն չափով դրսևորվել է նախորդ գրեթե բոլոր մակարդակների ընտրու­թյուն­ներում:

7) Պիտի մերժել ամենից բարձր և սուր հայհոյողներին, անկախ այն բանից՝ նրանք հայհոյում են օրվա իշխանությանը, թե հիմնական ընդիմադիր ուժերին, որովհետև այդպիսիները փորձում են ինքնահաստատվել երկու կող­մե­րից դժգոհ ընտրողներին մոլորեցնելու միջոցով՝ ներկայանալով իբրև թե երրորդ այլընտրանք, բայց հենց այդպիսիներն են դառնում վաղվա ամբոխ­վար­ները:

Թվարկված չափանիշները օբյեկտիվորեն գնահատելու դեպքում, կար­ծում ենք, պարզ կդառնա, որ առաջին հերթին պիտի մերժել նիկոլին ու նիկոլիզմը՝ իրենց բոլոր ճյուղավորումներով: Նիկոլիզմը նման է քաղցկեղի, որը ամեն օր հյուծում է մեր ազգային Ոգին, Միտքը և Դիմադրողականությունը:

Իշխանություն ընտրելու առաջին և ամենից կարևոր չափանիշը պիտի լինի գործը: Այդ առումով մեզանից շատերը անցած երեսուն տարիների ընթացքում տեղի ունեցածի ականատեսներն են և անաչառ մոտեցման դեպքում դժվար չէ տեսնել, ով կամ որ ուժերն են եղել պետականակերտ գործի իրական նախանձախնդիրներն ու կրողները: Ովքեր են, որ, իրենց բոլոր թերություններով ու բացթողումներով հանդերձ, ոչինչ չեն խնայել հանուն համազգային մարտա­հրա­վերներին դիմակայելու և ունեն դրանք հաղթահարելու բավարար ներուժ: Օբյեկտիվորեն (տարիքի բերումով) այդ հնարա­վո­րու­թյունից զրկված են երի­տասարդները, հենց որոնք էլ, մի կողմից, կեն­սա­փորձի պակասի, մյուս կոմից՝ իրենց եռանդի պատճառով եղան 2018-ի ապրիլ-մայիսի ազգային աղետի հիմ­նական շարժիչ ուժը՝ մեծահասակների մի մասի թեթևա­ձեռն առաջնոր­դու­թյամբ: Մնում է հանուն մեր իսկ շահերի անկողմ­նա­կալ կերպով վերլուծել նախորդ երեսն­ամ­յակի մեր տեսածն ու ապրածը և ըստ այդմ առաջ­նոր­դել նաև երիտա­սար­դությանը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում մասնակցության հայտ ներկայացրած՝ ընդդիմադիր դաշտի քաղաքական կուսակցությունների և դաշինքների մի մասն ունեն փորձառու առաջնորդներ և զգալի մտավոր ներուժ, բայց իմ համոզումն է, որ պետական կառավարման ամենից մեծ դրական փորձ և ներուժ ունի «Հայաստան» դաշինքը՝ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի առաջնոր­դու­թյամբ: Մյուս բոլոր ազգային ուժերի հանդեպ իմ հարգանքով հանդերձ (ի դեպ, նրանց մի մասի շարքերում ես ունեմ նաև լավ բարեկամներ), առաջին հերթին «Հայաստան» դաշինքն եմ համարում այն քաղաքական ուժը, որը ի զորու է երկիրը դուրս բերել ներկա համակողմանի խոր ճգնաժամից և դնել զարգացման ռելսերի վրա:

Երկու անգամ՝ 1998-ին և 2003-ին, ես ոչ միայն ընտրել եմ Ռ. Քոչարյանին ՀՀ նախագահի պաշտոնում, այլև եղել եմ նրա քարոզարշավի գործուն մաս­նա­կիցներից մեկը: Ընդ որում՝ այն դեպքում, երբ երկրորդ նախագահի հիմնական մրցակիցները ծանրակշիռ քաղաքական և պետական գործիչներ էին, այլ ոչ թե՝ նիկոլներ: Այսօր ավելի մեծ համոզումով պատրաստ եմ կրկնելու նույնը, որով­հետև, հետա­դարձ հայացքով նայելով մեր անկախ պետականության երեսն­ամ­յա ուղուն, տեսնում եմ, որ Ռ. Քոչարյանի պաշտոնավարման տասը տարի­ները (1998-2008) եղել են, պայմանականորեն ասած, մեր պետականության ոսկե դարը (այս միտքը նախընտրական չէ. նույն գնահատականը ես հնչեցրել եմ դեռևս 6 ամիս առաջ` դեկտեմբերի 11-ին, «Yerkir.am»-ի իմ հրապարակման մեջ, երբ նոր-նոր էր թափ հավաքում «Հայրենիքի փրկության շարժումը»): «Զարգա­նալ՝ չզիջելով»,- ահա այն կարգախոսը, որով 1998-2008 թթ. առաջ­նորդ­վեց ՀՀ պետական նավը՝ աննախադեպ նվաճումներ արձանագրելով մեր ազգային-պետական կյանքի բոլոր ոլորտ­նե­րում: Երկրորդ նախագահը ցույց է տվել, որ ինքը գիտակ, կամային հատկա­նիշ­ներով օժտված, դժվարությունները սառնա­սր­տորեն դիմակայող, հաջողու­թյուն­նե­րից արագ չոգևորվող, մեծ նախա­ձեռն­ությունների ընդունակ և դրանց կեն­սա­գործման հարցում հետևողական, համաշխարհային քաղաքական և տնտեսական զարգա­ցումների միտում­նե­րին համաչափ քայլ պահող և, որ շատ կարևոր է, ընդգծված ազգային դիմագիծ ունեցող քաղաքական-պետական գործիչ է: Ընդ որում՝ մասնա­գի­տու­թյամբ լինելով տեխնոկրատ և ունենալով բազային ռուսական կրթություն: Ա՛յն գործիչը, որի ներկայությունը պետական բուրգի գագաթին այս պահին օդ ու ջրի պես կենսական անհրաժեշտություն է մեր հայրենքի համարԱ՛յն գործիչը, որի քաղաքական վերադարձը ամենից քիչը կցանկանային մեր թշնամիները:

Հարգելի՛ հայրենակիցներ, Ձեզ կոչ եմ անում վեր կանգնել այս օրերին նախընտրական ստոր հաշվարկներից բխող զանազան անհիմն, հաճախ՝ քստմնելի շահարկում­նե­րից ու բամբասանք­ներից և առաջիկա խորհրդարա­նա­կան ընտրություններում քվեարկել հօգուտ «Հայաստան» դաշինքի և նրա առաջնորդ Ռ. Քոչարյանի»: