Վարչական դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այն որոշման, որով նախընտրական փուլում պետք է հանվեին Ռոբերտ Քոչարյանի՝ «Կյանք և ազատություն» ու «Հայաստանը կառուցելիս» պաստառները:
Դատարանը գտել է, որ ԿԸՀ-ի որոշումը հիմնավոր և պատճառաբանված չէ, իսկ օրենքի սահմանումները՝ թերի են:
Դատարանը վճռեց.
1. Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 31.05.2021թ. թիվ 108-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարել. անվավեր ճանաչել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 31.05.2021թ.«5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի պատկերով և «Հայաստանը կառուցելիս» գրառմամբ պաստառը նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչելու մասին» թիվ 108-Ա որոշումը:
2. Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 31.05.2021թ. թիվ 108-Ա որոշման առոչինչ լինելը ճանաչելու պահանջի մասին, մերժել:
3. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից հօգուտ Ռոբերտ Քոչարյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
4. Սույն վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և վերանայման ենթակա չէ:
Ինչպես հայտնել էինք՝ հայցը ներկայացվել էր հունիսի 1-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին: Ռոբերտ Քոչարյանը ԿԸՀ–ից պահանջում էր անվավեր ճանաչել 31.05.2021թ. թիվ 108-Ա որոշումը։