կարևոր
3019 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-06 12:54

Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախը բանակցություններից դուրս մնալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ 2-րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է Արցախն իր օրոք բանակցություններից դուրս մնալու մասին հայտարարություններին՝ նշելով, որ «բազմաթիվ անգամ պարզաբանումներ տվել ենք»։

Ռոբերտ Քոչարյանը հիշեցրել է.

«Ես Հայաստանի նախագահն եմ դարձել 1998 թվականից։ 1996 թվականի դեկտեմբերին կայացած Լիսաբոնյան գագաթնաժողովից հետո որևէ բանակցային գործընթաց չի եղել։

Ըստ էության, ամբողջ 1997 թվականին և մինչև 1998 թ․-ի ապրիլը (ես ՀՀ նախագահ եմ ընտրվել 1998թ․-ի փետրվարին, բայց այդ պաշտոնն ստանձնել եմ ապրիլին)։

Մինչ այդ, մոտ 1․5 տարի ինտենսիվ բանակցություններ են եղել ՀՀ առաջին նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի խորհրդական Վաֆա Գուլուզադեի միջև։

Ինտենսիվ բանակցություններ՝ առանց Ղարաբաղի։

Ես Ղարաբաղի նախագահն էի, և Ժիրայր Լիպարիտյանը, երբ գալիս էր, կիսատ-պռատ ասում էր, թե ինչ է եղել։ Կամ խոսում էր Ղարաբաղի այն ժամանակվա արտգործնախարար Արկադի Ղուկասյանի հետ։ Բայց Ղարաբաղը ոչ մի մասնակցություն չի ունեցել այդ բանակցություններին։

1997թ․ հունվարին, երբ Ժիրայր Լիպարիտյանն ազատվել է աշխատանքից, նա մամուլի ասուլիս է տվել և հայտարարել․ «Մենք այս գործընթացն սկսել ենք Վաֆա Գուլուզադեի հետ, մտածելով, որ կօգնենք պրոցեսն արագացնելու հարցում, բայց ստացվեց հակառակը»։

Սա փաստարկված ճշմարտություն է․ այս պրոցեսն առանց Ղարաբաղի սկսողն ու շարունակողը իր սխալն ընդունել է։

«Հիմա դրանից հետո մարդիկ ի՞նչ խղճով են ասում, որ ես եմ Ղարաբաղը բանակցություններից դուրս թողել։ Ուղղակի խղճի հարց չկա, ստի և, այսպես ասենք, ուղղակի մշակույթի հարց է։ Հիմա եթե դու ի վիճակի ես ստել առանց կարմրելու, ուրեմն դա այնքան է սովորական քեզ համար, հա ստի, ի՞նչ։

Անհրաժեշտության դեպքում կարող ենք հրապարակել Լիպարիտյանի այդ մամուլի ասուլիսը, որպեսզի ժողովրդի համար հասանելի դառնա, թե ով է Ղարաբաղը դուրս թողել բանակցային գործընթացից։ 

Ի դեպ, հիմա ինձ մեղադրում են այն ուժերը, որոնք հենց իրենք են Ղարաբաղը դուրս թողել բանակցային գործընթացից», - եզրափակել է Ռոբերտ Քոչարյանը։