կարևոր
2695 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-05 23:05

Պն հաստատում է. ադրբեջանցիները կրակել են Կութ գյուղի հովվի ու հայ զինծառայողների ուղղությամբ

Պն հաստատում է. ադրբեջանցիները կրակել են Կութ գյուղի հովվի ու հայ զինծառայողների ուղղությամբ

Հունիսի 5-ին հերթական միջադեպն է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանին, տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից։ 

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հովվի անասունների մի մասը, գյուղի հարակից տարածքներում արածելու ընթացքում, շարժվել է դեպի ադրբեջանցի զինվորականների դիրքեր: Երբ հովիվը, անասուններին ետ բերելու նպատակով, փորձել է մոտենալ ադրբեջանցի զինծառայողներին, նրա ուղղությամբ կրակ է բացվել:

Հայկական ԶՈւ ստորաբաժանման զինծառայողներն անմիջապես մոտեցել են միջադեպի տարածք, ինչին ի պատասխան ադրբեջանցի զինծառայողները կրկին կրակ են բացել: Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը դադարեցվել է, իսկ անասունների մեծ մասին հաջողվել է վերադարձնել:

Կրակոցների հետևանքով տուժողներ չկան:

Նշեք, որ ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ գյուղից հայտնում են, որ հովիվը, ձին նստած, փորձել է դեպի գյուղ քշել դիրքավորված թշնամու տեսադաշտում արածող նախիրը, և հենց այդ պահին թշնամին կրակել է հովվի վրա։ Ըստ նախնական տեղեկության՝ հովիվը, բարեբախտաբար, չի տուժել, սակայն կրակոցներից վնասվածքներ է ստացել նրա ձին։ Կրակոցներից վնասվել են նաև մի քանի կովեր։ Կրակահերթի տակ պահելով հովվին՝ թշնամին առևանգել է Կութ գյուղի նախիրը՝ շուրջ 50-60 գլուխ անասուն։