կարևոր
1708 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-04 23:22

Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելել է Ամարասի վանք․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելել է Ամարասի վանք․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Հունիսի 4-ին, ավարտելով իր այցը Սյունյաց թեմ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եռօրյա այցով մեկնել է Արցախ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոտի տեղեկատվական համակարգից։

«Այցի առիթով Վեհափառ Հայրապետն Արցախ է տարել Մայր Աթոռում պահվող մեր հավատի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները՝ որպես օրհնության և մխիթարության աղբյուր Արցախի բարեպաշտ ժողովրդի համար։

Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ԱՀ վաստակյալ նախագահ Բակո Սահակյանի և հոգևոր դասի ուղեկցությամբ այցելեց Ամարասի վանք, որտեղ Նորին Սրբությանը դիմավորեցին մոտակա համայնքներից այս առիթով համախմբված հայորդիները և զինծառայողներ։

Ս․ Գրիգորիսի եկեղեցում «Հրաշափառի» արարողությունից հետո Գարեգին Բ․ Հայրապետի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոս զավակների հոգիների խաղաղության համար։ Միասնական աղոթք բարձրացվեց հայցով, որ Ամենողորմ Աստված խաղաղության ու ապահովության մեջ պահպանի Արցախը և Իր անսահման ողորմածությունն ու Սուրբ Աջի պահպանությունը տարածյալ պահի արցախահայոց և համայն հայ ժողովրդի վրա։

Վերջում Նորին Սրբությունն իր օրհնությունն ու պատգամը բերեց ներկա ժողովրդին։

Վեհափառ Հայրապետը Աստծո շնորհները, օրհնությունն ու պահպանությունը մաղթեց արցախցիներին՝ Ամարասի նվիրական սրբավայրում հայցելով բարեխոսությունը Սուրբ Գրիգորիս Հայրապետի և աղոթելով, որ Աստված երկնային բարձունքներում խաղաղության մեջ հանգչեցնի հոգիները հայրենիքի պաշտպանության մարտերում զոհված հայորդիների, ապաքինություն պարգևի վիրավորներին, շուտափույթ դարձ՝ գերիներին և անհայտ կորածներին, մխիթարություն՝ հարազատներ կորցրած ընտանիքներին։

Իր օրհնությունը ժողովրդին բաշխելուց հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր խոնարհումը բերեց Ս․ Գրիգորիս Հայրապետի շիրիմին, ապա ծանոթացավ Ամարասի վանքի հիմնանորոգման աշխատանքներին։

Այնուհետև հայրապետական պատվիրակությունն ուղղվեց դեպի Մաճկալաշեն համայնք, ուր Ամենայն Հայոց Հայրապետը հանդիպում ունեցավ համայնքի զոհված հայորդիների ընտանիքների հետ՝ բերելով իր մխիթարությունն ու օրհնությունը»,-ասված է հաղորդագրությունում։