կարևոր
1228 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-04 21:35

Հանրային հեռուստաընկերության շուրջօրյա լրատվական հեռուստաալիքը Երևանում հեռարձակվելու իրավունք է ստացել

Հանրային հեռուստաընկերության շուրջօրյա լրատվական հեռուստաալիքը Երևանում հեռարձակվելու իրավունք է ստացել

Մայրաքաղաք Երևանում հեռարձակվելու իրավունք է ստացել Հանրային հեռուստաընկերության շուրջօրյա լրատվական հեռուստաալիքը: Որոշումը հունիսի 4-ին հրապարակել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

Նիստի օրակարգում ընդգրկված էին Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկության և հաղթողի ընտրության, «ՀՈՎՆԵՏ» ՍՊ ընկերության Երևան քաղաքի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումի և «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտի վերաբերյալ հարցերը:

Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի անդամները փակ և գաղտնի քվեարկության միջոցով գնահատել են մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցներին:

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակցության համար հայտ էին ներկայացրել երեք ընկերություն՝ «Փաստինֆո» ՍՊ, «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունները։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տվյալներով՝ Հանրային հեռուստաընկերության 24-ժամյա հեռուստաալիքը ստացել է 646 միավոր, Հայկական 2-րդ հեռուստաալիքը՝ 635, իսկ «Փաստինֆո»-ն՝ 595: