կարևոր
1429 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-04 18:43

Մահացել է բալետմայստեր Վիլեն Գալստյանը

Մահացել է բալետմայստեր Վիլեն Գալստյանը

80 տարեկանում կյանքից հեռացել է բալետի հայ արտիստ, պարուսույց, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը: Այս մասին հայտնել է Գալստյանի որդին՝ Դավիթ Գալստյանը:

Գալստյանը եղել է 1961-72թթ` Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստ, ապա՝ առաջատար մենապարող: Հանդես է եկել՝  Ա.Խաչատրյանի «Սպարտակ» (Սպարտակ, 1961թ.), «Գայանե» (Արմեն, 1974թ.), Ա.Ադանի «Ժիզել» (Ալբերտ, 1961թ.), Է.Հովհաննիսյանի «Հավերժական կուռք» (Բյուրատ, 1966թ.), «Անտունի» (Անտունի, 1969թ.), «Սասունցի Դավիթ» (Դավիթ, 1976թ.), Է.Արիստակեսյանի «Պրոմեթևս» (Պրոմեթևս, 1967թ.), Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Ռոմեո, 1970թ.), «Մոխրոտը» (Արքայազն), Պ.Չայկովսկու «Կարապի լիճը» (Զիգֆրիդ, 1972թ.) բալետային ներկայացումներում:

1972-75թթ և 1977-79թթ ղեկավարել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը, 1979-83թթ եղել է թատրոնի գլխավոր բալետմայստերը: Բեմադրել է Ա.Խաչատրյանի «Գայանե» (1974թ., 2004թ., նաև լիբրետոյի հեղինակ), «Սպարտակ» (1978թ., 1982թ., 1987թ.), Է.Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» (1976թ.), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (2002թ.) և այլ բալետներ:

Ներկայացումներով հանդեսել է եկել աշխարհի և Խորհրդային Միության բազմաթիվ երկրներում և արժանացել բազմաթիվ մրցանակների: Եղել է Կրասնոդարի ֆիլհարմոնիայի պարի խմբի ղեկավարը: Պարել է Մոսկվայի Մեծ թատրոնի, Անգլիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի մեծ բեմերում: Նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում՝ «Նռան գույնը» (1969թ.), «Հայկական որմնանկարներ» (1972թ.) և այլն: 1987-88թթ եղել է Մոնտեվիդեոյի «Տեատրու Սոլիս»-ի գլխավոր բալետմայստերը:

1999թ-ից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (2000թ-ից՝ պրոֆեսոր): 2004թ-ից եղել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի տնօրենը, 2014թ-ից՝ Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստերը:

Արժանացել է մի շարք պետական պարգևների, պատվոգրերի ու մրցանակների Հայաստանում և արտերկրում: 1968թ. արժանացել է դասական պարարվեստի Վառնայի միջազգային մրցույթի ոսկե մեդալին, 1967թ.՝ ՀՀ Պետական մրցանակի և Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2001թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի», 2011թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» մեդալների, 2013թ.՝ ՀԹԳՄ Հատուկ մրցանակի` թատերարվեստում ունեցած ավանդի համար: