կարևոր
1819 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-03 21:02

Պերճ Սեդրակյանն ու Վազգեն Յակուբյանը ՀԲԸՄ անդամների հետ հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Պերճ Սեդրակյանն ու Վազգեն Յակուբյանը ՀԲԸՄ անդամների հետ հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

2021թ. հունիսի 2-ին նախագահ Պերճ Սեդրակյանն ու Վազգեն Յակուբյանը ՀԲԸՄ անդամների, բարեկամների և գործընկերների ուղեկցությամբ հարգանքի տուրք մատուցեցին 2020թ. Արցախյան պատերազմում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: ՀԲԸՄ երիտասարդությունը ներկայացված էր ի դեմս ՀԲԸՄ-ի սկաուտների, Երիտասարդ արհեստավարժների և Հայորդաց տների սաների: Այս մասին հայտնում են Հայկական բարեգործական ընդհանուր միությունից․

«Նրանք մասնակցեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մատուցված հիշատակի արարողությանը. մի վայր, ուր հանգչում են բազմաթիվ հերոս ազատամարտիկներ և զինծառայողներ:

Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հոգեհանգստյան կարգ կատարեց՝ ներկաներին կոչ անելով միանալ իր աղոթքին և խնդրել Տիրոջը, որ մեր հերոսների հոգիները խաղաղության մեջ պահի և նրանց ընտանիքներին շնորհի ուժ վիշտը հաղթահարելու համար:

Պերճ Սեդրակյանը ծաղկեպսակ դրեց զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին և ծաղիկներ խոնարհեց պատերազմում հերոսաբար անմահացած հայորդիների շիրիմներին ՀԲԸՄ աշխարհասփյուռ կառույցների անունից, ովքեր սգում են կորսված մարդկային կյանքերը՝ վերահաստատելով իրենց միասնությունն ամբողջ աշխարհում: Նա նշեց, որ ազգը հավերժ պարտական կմնա Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր տղաներին և աղջիկներին, և նրանց հիշատակը ամենուրեք վառ կմնա հայերի սրտերում և մտքերում»: