կարևոր
1498 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-03 21:50

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական այցը՝ Սյունիք և Արցախի Հանրապետություն․ ՖՈՏՈՇԱՐՔ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական այցը՝ Սյունիք և Արցախի Հանրապետություն․ ՖՈՏՈՇԱՐՔ

Հունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական քառօրյա այցով մեկնեց Սյունիքի մարզ և Արցախի Հանրապետություն։ Այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցում են հատուկ հանձնարարություններով հայրապետական նվիրակ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի վանական խորհրդի ատենապետ և լուսարարապետ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ․ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանը և Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ․ Վահրամ ավագ քահանա Մելիքյանը։ Վեհափառ Հայրապետի հետ Արցախ մեկնեց նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությանը Գորիսի «Զանգեր» հուշարձանի մոտ դիմավորեցին Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Մակար վարդապետ Հակոբյանը թեմի հոգևոր դասի հետ միասին, Գորիսի համայնքապետ Առուշան Առուշանյանը, Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, զինվորականներ և Գորիսի համայնքայիններ։

Ավանդական աղուհացի արարողությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներին և հավաքված ժողովրդին։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀԲԸՄ նախագահի և հոգևոր դասի հետ միասին մեկնեց Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ Հայոց Հայրապետին դիմավորեցին Գորիսի բնակիչներ և զինվորներ։ «Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը բաշխելով հավատավոր ժողովրդին, մուտք գործեց տաճար, ուր սաղմոսերգությունից և աղոթքից հետո կատարվեց Հանրապետական մաղթանք Հայաստանի և Արցախի անսասանության, Սյունյաց աշխարհի և նրա ժողովրդի անվտանգ, խաղաղ ու բարօր կյանքի համար։

Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց ներկա ժողովրդին։ «Սիրելի սյունեցի հավատավոր զավակներ Մեր, այցելել ենք ձեզ հետպատերազմյան դժվարին իրավիճակի, դառը հարվածների և նեղությունների դիմագրավման այս ժամանակահատվածում։ Եկել ենք ի մոտո հաղորդ լինելու ձեր մտահոգություններին ու խնդիրներին, նաև Հայրապետական Մեր գնահատանքն ու օրհնությունը վերստին բերելու ձեզ։

․․․Մենք քաջատեղյակ ենք ազգային-հայրենական մեր կյանքի այս վճռորոշ շրջանում ձեզ պատած դժվարությունների, ձեր առջև ծառացած մարտահրավերների մասին։ Արցախյան վերջին պատերազմում մեր թանկագին զավակները նահատակվեցին, ունեցանք վիրավորներ, անհայտ կորածներ, գերեվարվածներ, տասնյակ հազարավոր տեղահանված խաղաղ բնակիչներ։ Տարածքային կորուստների պատճառով նաև Սյունյաց աշխարհի բնակավայրեր սահմանամերձ դարձան Ադրբեջանի հետ՝ դրանից բխող խիստ մտահոգիչ հետևանքներով։ Ադրբեջանը սանձարձակ ոտնձգություններ է կատարում նաև Հայաստանի սահմանների նկատմամբ, մասնավորապես Սյունիքի, Գեղարքունիքի գյուղական որոշ համայնքների տարածքների հանդեպ», - ասաց Հայրապետը։

Վեհափառ Հայրապետը տեղեկացրեց, որ Հայոց Եկեղեցին թե՛ պատերազմի ընթացքում և թե՛ հետպատերազմյան օրերին իր ձայնն է բարձրացրել միջազգային, միջեկեղեցական, միջկրոնական ատյաններում Արցախի և Հայաստանի դեմ իրականացվող ոտնձգությունները խստորեն դատապարտելու կոչով, գերիների ազատ արձակման համար հրատապ աշխատանքներ իրականացնելու հորդորով և ի պաշտպանություն Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի արդար իրավունքի։

Այցի առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց Սյունիքի մարզային իշխանություններին, համայնքապետերին, որոնք և այսօր, ինչպես պատերազմական դժվարին օրերին, համայնքների բնակիչների հետ ամուր կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Հայրապետական գնահատանք և օրհնություն փոխանցվեց նաև Սյունյաց թեմի հոգևոր սպասավորներին՝ առաջնորդական տեղապահի գլխավորությամբ, հավատավոր մեր ժողովրդի հավատն ու ոգին ամուր պահելու, Աստծո խոսքով հավատավոր իրենց հոտին զորացնելու ու մխիթարելու, սահմանամերձ դարձած բնակավայրերում արիասիրտ ծառայությունը շարունակելու համար։

Արարողությունից հետո հայրապետական պատվիրակությունը համայնքապետերի ուղեկցությամբ այցելեց Գորիսի զինվորական պանթեոն, ուր Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը ծաղկեպսակներ զետեղեցին անմար կրակի և հիշատակի խաչքարի առջև, ապա Արցախյան երկրորդ պատերազմում զոհված քաջորդիների շիրիմների առջև Նորին Սրբության գլխավորությամբ հոգևոր դասը աղոթեց նրանց հոգիների հանգստության համար։

Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակությամբ այցելեց Շուռնուխի սահմանամերձ համայնք, ուր Հայոց Հայրապետին դիմավորեցին համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը և համայնքի բնակիչները։

Փոխանցելով ժողովրդին իր հայրական սերն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունը՝ Նորին Սրբությունն իր զորակցությունը բերեց շուռնուխցիներին։ Վեհափառը նշեց, որ սյունեցիները ազգային-ազատագրական պայքարում իրենց աննկուն ու անպարտ ոգու շնորհիվ դարերի մեջ քաջերի համբավ են վաստակել և մեր օրերում ևս սահմանին սյունյաց քաջերի ինքնակազմակերպված խմբերի դրսևորած արիությունն ու հայրենի հողը պաշտպանելու հարցում սկզբունքայնությունը ևս այդ ոգու անուրանալի արտահայտությունն են։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը բնակիչների հետ զրուցեցին տիրող անհանգստությունների ու առկա խնդիրների, կյանքի բնականոն ընթացքի խաթարման և վտանգների մասին։

Իր զրույցում Նորին Սրբությունը հավաստիացրեց, որ Հայոց Եկեղեցին պիտի շարունակի ջանքեր գործադրել բարձրաձայնելու սահմանամերձ համայնքներում բնակվող մեր ժողովրդի խնդիրները և հետամուտ լինելու իրավունքների պաշտպանությանը, ապա հորդորեց նախնյաց օրինակով ամուր և աննահանջ մնալ իրենց հավատի և հույսի մեջ՝ կառչած հարենի հողին, իրենց օջախներին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց նաև շուռնուխցիների տներ, զրուցեց ընտանիքների հետ, ծանոթացավ առկա դժվարություններին։

Նորին Սրբությունը նաև իր օրհնություններն ու բարեմաղթանքները բերեց շուռնուխցի նորապսակ մի զույգի, որ տեղեկանալով Հայոց Հայրապետի այցի մասին, մասնավոր ցանկություն էր հայտնել արժանանալու հայրապետական օրհնության։

Վերադարձին Ամենայն Հայոց Կաթողիկոսը զրույց ունեցավ համայնքապետերի հետ, որոնց թվում էր նաև Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։

Երեկոյան Հայոց Հովվապետը հանդիպում ունեցավ Սյունյաց թեմի հոգևոր դասի հետ՝ եկեղեցականներին վերստին բերելով իր հայրական օրհնությունն ու գնահատանքը իրենց նվիրյալ ծառայության համար։

Հանդիպմանը քննարկվեցին հետպատերազմյան շրջանում՝ առկա դժվարին իրավիճակում, Եկեղեցու կողմից ձեռնարկվող քայլերի, իրականացվող սոցիալական, հոգեխնամ ծրագրերին։

Նորին Սրբությունը թեմի հոգևոր սպասավորների ուշադրությունը մասնավորապես հրավիրեց զոհվածների, անհայտ կորածների և գերության մեջ գտնվողների ընտանիքներին, վիրավորներին և նրանց հոգևոր խնամքին։