կարևոր
1672 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-03 16:02

Ամենօրյա ռեժիմով այնպիսի ճնշում պետք է գեներացվեր Ադրբեջանի վրա, որ գերիների հարցն այսօր արդեն լուծված լիներ. Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Այս վերջին 2-3 օրվա ընթացքում գերիների ծնողների և հարազատների հետ մի քանի հանդիպում ենք ունեցել։ Նրա՛նք են մեզ դիմել։  Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն ասել է հունիսի 2-ին Երևանում Մլաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի շտաբերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք մենզ շատ զգույշ էինք պահում այդ քաղաքացիների հետ միայն մի պատճառով, որ իշխանությունը հանկարծ չփորձի շահարկել և չասի, թե մենք քաղաքականացնում ենք այդ հարցը։ Մենք շատ զգուշավոր ենք այս հարցում՝ և՛ նրանց հետ զրուցելիս, և՛ հրապարակային ելույթներում։ Ինձ հետաքրքրում է մի բան՝ ի՞նչ է անում այս իշխանությունը գերիների վերադարձի համար։ Երբ հարցնում եմ՝ այս կամ այն քայլն արվո՞ւմ է, պարզվում է, որ ոչինչ չի արվում։ Մարդիկ հուսահատ վիճակում պատմում են, որ նրանց մեկի մոտից մյուսի մոտ են ուղարկում։ Ընտանիքներ կան, որ այս ընթացքում պետությունից զրո աջակցություն են ստացել»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Նա նշել է, որ հիմա այս վիճակում գնալ, գերեզմանների վրա ինչ-որ պոզաներ ընդունել ու եսիմինչ անել, ուղղակի դերասանություն է։

«Պետական մեքենան պետք է աշխատի, այլ ոչ թե մեկ մարդու թատրոն՝ գերեզմանների վրա PR-ով զբաղվելու համար։ Մենք իշխանական լծակներ չունենք և կարող ենք միայն անձնական կապերն օգտագործելով՝ փորձել ազդել այդ գործընթացների վրա։ Ինձ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ տարբեր երկրների խորհրդարանները հայտարարություններ չարեցին, ինչու արտգործնախարարը նամակներով ոչ մեկին չի դիմում։ Ամենօրյա ռեժիմով այնպիսի ճնշում պետք է գեներացնել Ադրբեջանի վրա, որ գերիների հարցն այսօր արդեն լուծված լիներ»,- ասել է Քոչարյանը: