կարևոր
1636 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-02 21:50

Դաշնակցությունը երբեք չի առաջնորդվել ու չի առաջնորդվում պաշտոն զբաղեցնելու միտումներով, մեզ համար երկրի և մեր ժողովրդի շահերն ավելի են կարևորվում. Դավիթ Իշխանյան

Դաշնակցությունը երբեք չի առաջնորդվել ու չի առաջնորդվում պաշտոն զբաղեցնելու միտումներով, մեզ համար երկրի և մեր ժողովրդի շահերն ավելի են կարևորվում. Դավիթ Իշխանյան

Հունիսի 2-ին ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ, ԱՀ ԱԺ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներ Դավիթ Իշխանյանը, Արթուր Մոսիյանը և Վահրամ Բալայանը հանդիպել են Արցախի պետական համալսարանի ուսանողների և դասախոսների հետ:

Ողջունելով հրավիրյալներին՝ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը նշել է, որ հանդիպումն իրականացվում է «Արցախ. ներկան և ապագան» ծրագրի շրջանակներում: Արմեն Սարգսյանը Դավիթ Իշխանյանին է հանձնել ԱրՊՀ 50-ամյակին նվիրված հուշամեդալ և «Արցախի ժողովրդագիտությունը» աշխատության հատորները:

Դավիթ Իշխանյանը, շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար, ներկայացրել է ներքին ու արտաքին հիմնախնդիրների լուծման ՀՅԴ տեսլականը:

«Մեր համազգային օրակարգում հարցերի հարցը Արցախյան հիմնահարցն է, Արցախի ապագան: Ցավոք սրտի, մենք դեռևս չունենք մի շարք հարցի պատասխաններ: Գնահատական չի տրվել պատերազմի պատճառներին, հետևանքներին, ընդհանուր վիճակին և պարզ չեն մեր անելիքները»,- իր ելույթում նշել է Դավիթ Իշխանյանը:

Նա կարևորել է անվտանգային համակարգի հստակեցումը, խոսել ՀՅԴ ծավալած քաղաքական-դիվանագիտական, տեղեկատվական-քարոզչական աշխատանքների մասին:

Անդրադառնալով Արցախի ներքաղաքական գործընթացներին, նոյեմբերի 10-ի ԱՀ ԱԺ չորս խմբակցությունների համատեղ հայտարարությանը, մայիսի 20-ի ԱՀ ԱԺ երեք խմբակցությունների հայտարարությանը, Դավիթ Իշխանյանը նշել է, որ դրանք տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք են տվել:

«Մենք չենք հրաժարվում ԱՀ նախագահի հրաժարականի պահանջից, բայց նաև գիտակցում ենք, թե ինչպիսի քայլերով դա պետք է տեղի ունենա: Քաղաքական մի շարք հանդիպումների բովանդակության մասին նաև Արայիկ Հարությունյանի շուրթերով ոչ ամբողջական ճշմարտությունն է ներկայացվել: Մասնավորապես, ընդդիմադիր քաղաքական ուժերին, այդ թվում մեզ՝ փորձել են մեղադրել պաշտոններ զբաղեցնելու ձգտումների մեջ: Այստեղ ևս մեկ անգամ ուզում եմ հրապարակայնորեն ներկայացնել, որ Դաշնակցությունը երբեք չի առաջնորդվել ու չի առաջնորդվում պաշտոն զբաղեցնելու միտումներով: Մեզ համար երկրի և մեր ժողովրդի շահերն ավելի են կարևորվում»,- ասել է Դավիթ Իշխանյանը:

Պատասխանելով անվտանգության ապահովման, Սահմանադրական փոփոխությունների մասին հարցին, ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը նշել է, որ բոլոր խնդիրների լուծումը ազգային ուժերի իշխանության գալն է.

«Պարտված իշխանությունը պետք է հեռանա: Յուրաքանչյուր քաղաքացի էլ իր մեղավորության չափաբաժինն ունի, բայց հիմնական պատասխանատուն և մեղավորները պարտված իշխանություններն են՝ Արայիկ Հարությունյանի, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Մարդիկ կրում են բարոյական և քաղաքական պատասխանատվություն, իրավական պատասխանատվության հարցը կորոշվի: Համոզված եմ, որ հայկական Նյուրնբերգ լինելու է»,- նշել է Ա. Մոսիյանը՝ ավելացնելով, որ դեռևս պարզ չէ, թե ինչքանով է Արցախի իշխանությունը մասնակից ՀՀ իշխանությունների դավադիր ծրագրին:

Արթուր Մոսիյանը կարևորել է ԱրՊՀ-ի ուսանողների, դասախոսների դերակատարությունը հայրենիքի փրկության գործում:

ՀՅԴ ներկայացուցիչները ներկաների խնդրանքով անդրադարձել են նաև ԱՀ նախագահի հրաժարականի պահանջի մանրամասների, հետագա անելիքների և բնակչության ֆիզիկական ապահովության մասին հարցերին: