կարևոր
2380 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-02 20:38

Հունիսի 20-ին տեղի կունենան երկրի համար ճակատագրական ընտրություններ․ դիլեման պարզ է՝ լինել կամ չլինել․ Անդրանիկ Թևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Գնահատելով քաղաքական ուժերի մեկնարկային կարողությունները՝ կարելի է ասել, որ նախընտրական մրցապայքարի հիմնական ֆավորիտը Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն է: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, «Քաղտնտեսություն» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը՝ հավելելով, որ ավանդաբար բոլոր ժամանակներում ֆավորիտ են համարվել նաեւ գործող իշխանությունները:

Նա հիշեցրել է, որ բոլոր ուժերը, որոնք մտադիր են մտնել խորհրդարան, հայտարարել են, որ չեն համագործակցի Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ դա նշանակում է, որ նրա միակ դաշնակիցները ընտրակեղծիքներն են կամ ֆորսմաժորը:

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ  այս ընտրություններին մասնակցող երկու ֆավորիտ ուժեր կան։ Մեկը իշխանոթյունն է։ Մենք ունենք Հայաստանի խայատառակության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական միավորը՝ որպես հիմնական ախոյան։ Եվ  մյուսը ՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն է։ Նիկոլ Փաշինյանի միակ դաշնակիցը մնում է ընտրակեղծիքը կամ ծայրահեղ դեպքում՝ ֆորսմաժորը»,- նշել է Թևանյանն ու պարզաբանել․

«Ֆորսմաժորի առումով կարող է ակնկալել երկրի թշնամիների աջակցությունը և դրանով փորձել հետաձգել ընտրությունները։ Սա  նվազ հավանական եմ համարում, քանի որ այս դեպքում իրավիճակն ավելի կվատանա։ Փաշինյանի գլխավորած ուժի կարևորագույն դաշնակիցները Թուրքիան ու Ադրբեջանն են , որովհետև միակ երկրներն  են,որոնք շահագրգռված են իր վերարտադրությամբ։ ՀՀ քաղաքացու շահերից չի բխում այս իշխանության վերարտադրությունը։ Այս առումով տեսնում ենք, որ հունիսի 20-ին կատարվելու է ճակատագրական ընտրություն»։

Փորձագետը նշել է, որ իշխանությունները ոչ միայն վարչական ռեսուրսներն են օգտագործում, այլեւ բյուջետային միջոցները՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կարիքները բավարարելու համար, նրանք նաեւ դիմում են հանցավոր աշխարհի ծառայություններին:

«Նրանք այս ընթացքում ոչնչացրեցին պետության բոլոր համակարգերը: Փողոցներում վենդետա է իրականացվում: Ուժային մարմինները չեն գործում, իսկ դրանց քայքայումը սկսվել է դեռեւս 2018-ին՝ բանակի եւ պետության ստեղծման ակունքներում կանգնած մարդկանց հետապնդումներով: Այնուհետեւ արձանագրվեցին ձախողումներ արտաքին քաղաքականության մեջ, ինչը հանգեցրեց պատերազմի: Երկրում տիրող համապարփակ ճգնաժամը չի լուծվի, քանի դեռ տեղի չի ունեցել իշխանափոխություն: Այժմ Ոստիկանությունը դարձել է, ըստ էության, Փաշինյանի անվտանգության ծառայություն: Դա հանգեցրել է նրան, որ Հայաստանը նմանվել է 1970-ականների Սիցիլիային, իսկ տարածաշրջանում՝ ժամանակակից տեսակի Մերձավոր Արեւելքի Սիրիայի:

Մենք ամեն ինչ կանենք, որ քաղաքացիները ճիշտ որոշում կայացնեն եւ թույլ չտան ընտրությունները կեղծել: Հունիսի 20-ին տեղի կունենան երկրի համար ճակատագրական ընտրություններ: Դիլեման պարզ է՝ լինել կամ չլինել»,- շեշտել է Թեւանյանը:

Նա կոչ է արել ակտիվորեն մասնակցել ընտրություններին, բայց չքվեարկել Փաշինյանի ու նրա արբանյակների օգտին: «Քանի որ ֆավորիտը «Հայաստան» դաշինքն է, ուստի քվեարկությունից առաջ պետք է ելնել նրանից, որ նրանք չեն փոշիացել: Եթե Փաշինյանը դեռեւս խոսում է անցյալի մասին, ապա մեր գործողություններն ուղղված են ապագային: Մենք ներքին թշնամիներ չունենք, մեր թշնամիները միայն Ադրբեջանն ու Թուրքիան են: Ամենակարեւորը իշխանափոխության հասնելն է եւ երկրի անվտանգության մակարդակի բարձրացումը»,- եզրափակել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը: