կարևոր
2554 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-02 19:03

Դավաճանի հետ քննարկելու, բանավիճելու հարց չունենք. ունենք մեկ օրակարգ՝ քշել այս չարիքի իշխանությանը. Իշխան Սաղաթելյան

Ընտրություններին մասնակցող դերակատար ուժերից շատերը հստակ հայտարարեցին, որ հետընտրական շրջանում որևէ պարագայում չեն պատրաստվում համագործակցել կապիտուլյանտ իշխանությունների հետ։ Այս մասին «Հայաստան» դաշինքի անդամների ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ և «Հայաստան» Դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Այսօրվա գործող իշխանությունը որևէ պարագայում վերարտադրվելու հնարավորություն չունի»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։

Անդրադառնալով ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջնորդների բանավեճին՝ Սաղաթելյանը ասաց, որ մի քանի կուսակցությունների կամ դաշինքների առաջին համարի թեկնածուները հստակ հայտնեցին, որ չեն պատրաստվում Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճել։

««Հայաստան» դաշինքը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը, որ դավաճանի հետ քննարկելու, բանավիճելու հարց չունենք։ Մենք ունենք մեկ օրակարգ՝ քշել այս չարիքի իշխանությանը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով` կարևոր արձանագրում եղավ օրերս` մի քանի կուսակցությունների կամ դաշինքների առաջին համարներ նույնպես հստակ հայտարարեցին այս մասին, ինչը նշանակում է, որ Փաշինյանի հետ դերակատար քաղաքական ուժերը որևէ բան չեն ուզում քննարկել։

«Ալիևին կրածը գնա Ալիևին պարտվածի հետ ինչի՞ շուրջ բանավիճի։ Փաշինյանն ունի թեկնածուներ բանավիճելու` Արման Բաբաջանյանը և այլն, թող գնան իրենք իրենց հետ բանավիճեն»,–հավելեց Սաղաթելյանը։

«Հայաստան» դաշինքը գնում է ամբողջական իշխանության ձեւավորման, նոր որակի իշխանության ձեւավորման ճանապարհով: Հայտարարեց Իշխան Սաղաթելյանը: Նրա խոսքով՝ կոալիցիա կազմելու վերաբերյալ պայմանավորվածություն չկա, այս պահի դրությամբ այդ հարցը չի քննարկվել որեւէ քաղաքական ուժի հետ: Մնացածը՝ ընտրություններից հետո:

«Ամեն դեպքում, մեզ համար կան «կարմիր գծեր»՝ քաղաքական ուժեր, որոնց հետ մենք ոչ մի դեպքում չենք համագործակցի: Մեկին ես նշեցի: Անհրաժեշտության դեպքում մյուսներին էլ կնշենք»,- ասաց Սաղաթելյանը: Ամենավատ բանը, հավելեց նա, այն է, որ կան ուժեր, որոնք իրենց դիրքավորում են որպես ընդդիմություն, բայց իրականում խլում են ընդդիմության ձայները: «Բայց նրանք չեն կարող շատ խանգարել մեզ»,- հավելեց Իշխան Սաղաթելյանը: