կարևոր
2026 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-02 17:40

Քննչական կոմիտեն «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց այսօր տեղի ունեցած սպանությունից մանրամասներ է ներկայացրել

Քննչական կոմիտեն «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց այսօր տեղի ունեցած սպանությունից մանրամասներ է ներկայացրել

2021թ. հունիսի 2-ին՝ ժամը 10:58-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց սպանություն է տեղի ունեցել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և Երևան քաղաքի Աբովյան 7 հասցեի դիմաց՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, հայտնաբերել տղամարդու դի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու հատկանիշներով:

ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է հրազենային մահացու վիրավորում ստացած անձի ինքնությունը, որը Գավառ քաղաքի բնակիչ է՝ ծնված 1971թ.:

Կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է կրակված պարկուճ, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են դեպքին ականատես մի շարք վկաներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաձգաբանական, դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Նշենք, որ մամուլում շրջանառվում են, որ սա արդեն 5-րդ մահափորձն է։ 2018 թ. հոկտեմբերին Գլենդել քաղաքում մահափորձի ենթարկվեց Ռաֆայել Մարդոյանը՝ Քյավառցի Ռաֆոն: Կրակոցներն արձակվել էին Մարդոյանի կրծքավանդակի ուղղությամբ: Վերջինիս վիրավոր ու ծանր վիճակում արագորեն տեղափոխել էին Բևերլի Հիլզի հիվանդանոցներից մեկը: Ռաֆայել Մարդոյանի ողջ մնալը բժիշկները հրաշք համարեցին, որովհետև հրազենից արձակված կրակոցները միլիմետրի տարբերությամբ էին շրջանցել Մարդոյանի սրտի հատվածը: Երկու անգամ էլ Հայաստանում են փորձել սպանել քյավառցուն։ Մահափորձերն ավարտվել են այլոց մահերով։ Մեկ անգամ էլ մահափորձը չի ստացվել Մոսկվայում։ Այսօր Երեւանի կենտրոնում հնչած կրակոցների թիրախը էլի նույն մարդն ա եղել, բայց սպանվել ա նրա հետ այդ պահին եղածը։