կարևոր
1243 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-01 19:03

Նախագահական նստավայրում հյուրընկալվել են սահմանամերձ մի շարք համայնքների, արցախցի և գյումրեցի երեխաներ

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի սահմանամերձ մի շարք համայնքների, ինչպես նաև Գյումրիի «Շալե» կենտրոնի, Արցախի Հադրութի և Քաշաթաղի շրջաններից Հայաստան տեղափոխված ընտանիքների երեխաների:

Մինչ նախագահական նստավայր այցելելը երեխաները, Հանրապետության նախագահի աշխատակազմի նախաձեռնությամբ և աջակցությամբ, մայրաքաղաքի կինոթատրոններից մեկում դիտել են հայկական «Օլիմպիկոս» մուլտֆիլմը: Օրվա երկրորդ կեսը նրանք անցկացրել են նախագահականում: Նրանց համար կազմակերպվել են խաղեր, վիկտորինաներ, երեխաները հնարավորություն են ունեցել զբաղվել կավագործությամբ, նկարչությամբ, անգամ՝ գիտափորձեր կատարել, այնուհետև ինտերակտիվ ներկայացում են դիտել:

Փոքրիկների, նրանց ուսուցիչների ու ծնողների հետ հանդիպել է նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Նախագահը զրուցել է նրանց հետ, ծանոթացել երեխաների հմտություններին, դիտել նրանց աշխատանքները, հետաքրքրվել նրանց տպավորություններով: