կարևոր
7462 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-01 18:22

Ֆրանսահայ համայնքը չի ընդունում Փաշինյանին. այսօր երեկոյան Փարիզում ցույց է անցկացվելու նրա այցի դեմ

Ֆրանսահայ համայնքը չի ընդունում Փաշինյանին. այսօր երեկոյան Փարիզում ցույց է անցկացվելու նրա այցի դեմ

Հայ համայնքն ամենեւին էլ գրկաբաց չի ընդունում Նիկոլ Փաշինյանին Փարիզում. համայնքի խոշորագույն հայկական կազմակերպությունների մեծ մասը մերժել է նրա հետ հանդիպման հրավերը։

Դեռ նախօրեին Դաշնակցության Արեւմտյան Եվրոպայի կառույցից հայտարարել էին, որ ներկա չեն լինելու հանդիպմանը։ Հրաժարվել են ներկայանալ նաեւ Ֆրանսիայում գործող «Կապույտ խաչ» եւ «Հայ բարեգործական ընդհանուր միություն» հայտնի կազմակերպությունները, նաեւ Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը։

Հրավերը մերժել է նաեւ Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդը։ Իսկ ահա Դաշնակցության Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը մեր գործընկերներին հայտնել է, որ անձամբ ինքը, որպես Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ, Փաշինյանի հետ առանձին հանդիպման հրավեր էր ստացել, բայց մերժել է այն։

Ի դեպ, Փափազյանն արդեն երկրորդ անգամ է մերժում Փաշինյանի հետ հանդիպման հրավերը։ Այս անգամ Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդից հրավերն ընդունել է մյուս համակարգողը՝ Արա Թորանյանը։ Բայց սա դեռ ամենը չէ:

Այսօր երեկոյան Փարիզում ցույց է անցկացվելու Փաշինյանի այցի դեմ: «Պատմության մեջ առաջին անգամ է, որ մենք նմանատիպ ցույց պիտի անենք, ու ցավում եմ, որ ստիպված ենք այդ քայլին դիմել: Փաշինյանին հաջողվեց պառակտել նաեւ մեր համայնքը»,-ասել է Մուրադ Փափազյանը։