կարևոր
5998 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-01 17:45

Սա քաղաքական մուրացկանություն է. Փաշինյանն ընդամենը ուզում է լուսանկարվել Մակրոնի հետ. Մուրադ Փափազյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետին հոկտեմբերին է հրավիրել Փարիզ՝ ընտրություններից հետո, քանի որ քաղաքական էթիկան թույլ չի տալիս նախընտրական շրջանում թեկնածուներից մեկին առավելություն տալ՝ նրա հանդեպ ուշադրություն ցուցաբերելով: Այս մասին նշել է Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը։

Փաշինյանը պնդել է, որ ինքը Փարիզ այցելի ոչ թե հոկտեմբերին, ինչպես հրավիրել էր Մակրոնը, այլ հիմա։

«Սա քաղաքական մուրացկանություն է»,-ասաց Մուրադ Փափազյանը՝ վստահեցնելով, որ Փաշինյանն ընդամենը ուզում է լուսանկարվել Մակրոնի հետ։

Նա նշել է, որ, քանի որ իրենք մեծ աշխատանք են տարել և Ֆրանսիան պրոհայկական է, դժվար չէ Հայաստանի որևէ ղեկավարի համար հանդիպում խնդրել և ստանալ Ֆրանիսայի նախագահից։  

Այնինչ, Փաշինյանի անսկզբունք քաղաքականությունը դժվարացնում է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի աշխատանքը։ Իբրև այդպիսի պրոբլեմի մեկ օրինակ Մուրադ Փափազյանն ասաց, որ վերջին պատերազմի ընթացքում էլ Ֆրանսիայի հայ համայնքը շատ լուրջ աշխատանք էր տարել տարբեր կառույցների և քաղաքական գործիների շրջանում՝ ի նպաստ Արցախի անկախության հանրային կարծիք ստեղծելու համար։ Շատ հաստատություններ ստորագրել են բանաձև՝ կոչ ուղղելու Ֆրանսիային, որ ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը։ Բայց, ի վերջո, հասկացել են, որ Հայաստանը հայեցակարգ չունի այդ ուղղությամբ։

«Երբ տարվեցավ Սենատ և ԱԺ բանաձևը, Ֆրանսիայի արտգործնախարարն ասաց՝ չեմ հասկանում ինչո՞ւ եք պահանջում, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը, եթե Հայաստանի վարչապետն ինքը չի դիմել, որ Ֆրանսիան ճանաչի, ինչո՞ւ ճանաչենք, ինչո՞ւ եք դուք դրսում այդ աշխատանքը տանում, երբ ներսից մեզ չեն դիմել․․․ այո՛, պրոբլեմ է»,-ասել է Մուրադ Փափազյանը։

Նշենք, որ Դաշնակցության մեծ ընտանիքը՝ իր բոլոր հաստատություններով, մերժել է Փարիզում Նիկոլ Փաշինյանի հետ որևէ տեսակի կապ կամ հանդիպում և մտադիր է դիմավորել նրան բողոքի ակցիաներով։

Մանրամասն՝ տեսանյութում․