կարևոր
1372 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-01 16:39

Պատգամավորի թեկնածուները հայերենի թեստ են հանձնել. 5-ից միայն մեկն է հաղթահարել թեստավորման փուլը

Պատգամավորի թեկնածուները հայերենի թեստ են հանձնել. 5-ից միայն մեկն է հաղթահարել թեստավորման փուլը

Մայիսի 30-ին Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվել ցանկացող 5 քաղաքացի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հայերենի իմացության ստուգման թեստ է հանձնել:

«5-ից մեկը հիվանդ էր, չի ներկայացել, 4-ից էլ 1-ն է հաղթահարել թեստավորման փուլը»,- 168.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը։

ԿԳՄՍ նախարարի խոսնակը շեշտել է՝ հայերենի թեստ հանձնում են հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում:

ԿԸՀ խոսնակ Հերմինե Հարությունյանն էլ հայտնել է, որ հայերենի թեստ չեն հանձնում պատգամավորի այն թեկնածուները, ովքեր ավարտել են ՀՀ բուհերից մեկը, և դա հանձնաժողովը համարում է իբրև հայոց լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ:

Դիտարկմանը, այսինքն՝ այլ երկրում սովորած անձի՞նք են թեստ հանձնելու, ԿԸՀ խոսնակը պատասխանել է.

«Ոչ, տարբեր պատճառներ կարող են լինել, թե ինչու այս կամ այն անձը չունի այդ վկայականը կամ տեղեկանքը»:

Հավելենք, որ հարցաշարը կազմված է երեք բաժիններից՝ ուղղագրություն (35%), ուղղախոսություն (35%) և Բառագիտություն (30%):

Ավելի վաղ հայտնելու էինք, որ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու` հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգումն իրականացվում է թեստավորման միջոցով, որի արդյունքում տրվում է տեղեկանք։