Քրեական գործը պետք է կարճվի անհապաղ՝ օր առաջ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Ռուբեն Վարդազարյանը։
Հիշեցնենք, որ երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, բավարարել է Ռուբեն Վարդազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման դեմ փաստաբանի բողոքը՝ պարտավորեցնելով վերացնել իրավունքների և օրինական շահերի խախտումը։ Այլ խոսքով՝ դատարանն արձանագրել է, որ վարույթ իրականացնող մարմինը պարտավոր էր հաղթահարել Ռուբեն Վարդազարյանի գործառութային անձեռնմխելիությունը, ինչը չի կատարվել։
Ռուբեն Վարդազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին չի կարող մեկնաբանել, քանի որ դատարանի որոշմանը դեռ չի ստացել, ծանոթ է միայն եզրափակիչ մասին, որով բավարարվել է բողոքը, ինչից բխում է, որ քրեական գործի վարույթը պետք է կարճվի անհապաղ՝ օր առաջ։
Հարցին՝ արդյոք իրավապահները «չգիտեին», որ օրենքի խախտմամբ իրականացվող քրեական հետապնդումը ենթակա է կարճման՝ Վարդազարյանը պատասխանեց. «Իհարկե գիտեին, վստահ եմ, որ գիտեին, սակայն պատվերը եղել է՝ Վարդազարյանի լիազորություններն ամեն գնով կասեցնելը, ինչը և ի կատար են ածել»։
Ըստ Վարդազարյանի՝ իրեն ցանկանում էին մեկուսացնել՝ ինչ-որ գործընթացներից։
Ինչ վերաբերում է գործի քննության ընթացքին, Ռուբեն Վարդազարյանը հայտնեց, որ առերես հարցաքննությունից հետո իր մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի եղել։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։
Նկատենք, որ թեև ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե Ռուբեն Վարդազարյանի գործառութային անձեռնմխելիության հաղթահարման խնդիր չկար, քանի որ քրեական հետապնդումը չի վերաբերում դատավորի կողմից իր լիազորությունների իրականացմանը։ Անգամ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հանձնարարությամբ պատրաստված ԲԴԽ հաղորդագրության մեջ նշվել էր, թե Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ, սակայն փաստն այն է, որ քրեական գործը հարուցվել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով։
Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու որոշման դեմ երկու բողոք է ներկայացվել, որոնցից մեկով վիճարկվում էր քրեական գործի հարուցումը, մյուս բողոքով՝ Վարդազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը։ Երկու բողոքներով էլ բարձրացվել է գործառութային անձեռնմխելիության հաղթահարման անհրաժեշտությունը։ Դրանցից մեկն արդեն դատական կարգով բարարվել է՝ արձանագրելով, որ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ ապօրինի հետապնդում է իրականացվել, վարույթն անթույլատրելի էր ի սկզբանե ։
Ռուբեն Վարդազարյանի դեմ հետապնդումներն սկսվել են 2020 թվականի նոյեմբերի 15-ի հայտարարությունից հետո, երբ դատավորներին կոչ արեց հավատարիմ մնալ ժողովրդի առջև ձեր տված երդմանը և զերծ մնալ բոլոր տեսակի քաղաքական ճնշումներից և ազդեցություններից։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Աղբյուր` Փաստինֆո