Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը մտահոգիչ է համարել պետական պարտքի զգալի աճը:
«Կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը գերազանցեց վերին 60 տոկոսանոց շեմը՝ կազմելով 63,5 տոկոսը: Մի շարք մակրոտնտեսական ցուցանիշներով ՀՀ-ն արդեն նվազ պարտքի բեռ ունեցող երկրների խմբից տեղափոխվել է միջին պարտքի բեռ ունեցող երկրների խումբ»,- ասել է Յոլյանը և կարևորել՝ առաջիկա հինգ տարիների համար մշակել պարտքի ցուցանիշը 60 տոկոսից նվազեցնելու ծրագիր:
Լևոն Յոլյանը նշել է, որ ներքին աուդիտի ոլորտում արձանագրվել է, որ պետական մարմինների գրեթե կեսում ներքին աուդիտ չի իրականացվել, ինչը մտահոգիչ է:
«Ծրագրային բյուջետային ոլորտում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ծրագրային միջոցառումներից 17,7 տոկոսի գծով դեռևս ոչ մի արդյունքային ցուցանիշ սահմանված չէ, հետևաբար այդ միջոցառումների արդյունավետությունն անհնար է գնահատել: Բացի այդ, շարունակում է փոքր մնալ առանձնակի կարևորություն ունեցող որակական ցուցանիշների տեսակարար կշիռը և այն կազմում է 14,9 տոկոս:
Պետական բյուջեի մասին օրենքով սահմանված 109 միջոցառում ավելի քան 67,3 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով չի կատարվել, այլ կերպ ասած՝ դրանց գծով վճարումներ չեն իրականացվել: 68 միջոցառումների փաստացի կատարողականը ճշտված ծրագրի նկատմամբ կազմել է 50 տոկոսից ցածր՝ առաջացնելով 24,6 միլիարդ դրամի շեղում: Թվով 17 միջոցառումներ օրենքով նախատեսված չեն եղել, Կառավարությունը դրանք ճշտված ծրագրով ավելացրել է 1,5 միլիարդ դրամի չափով, սակայն հետագայում դրանց գծով վճարումներ չեն կատարվել, այսինքն՝ փաստացի չեն կատարվել»,-ասել է նա:
Անդրադառնալով պետական գնումներին, ապա Լևոն Յոլյանը նշել է, որ 2020 թվականի պետական մարմինների կնքված պայմանագրերի շուրջ 40 տոկոսն իրականացվել է մեկ անձի գնման միջոցով, ինչը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը 4,4 տոկոսով: «Գնումների ոլորտում մրցակցությունը չի փոխվել: Հետընթաց է արձանագրվել պետական գնումների տնտեսման սկզբունքի առնչությամբ»,-ասել է նա: