ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը չի կարծում, որ ունենք մի իրավիճակ, որտեղ ԱԳ նախարարի արդեն նախկին պաշտոնակատար Արա Այվազյանի նշած խնդիրը գոյություն ունի։ Այս մասին ԱԺ-ում ասաց Գրիգորյանը՝ մեկնաբանելով Արա Այվազյանի՝ իր հրաժարականից հետո արված հայտարարությունը, որում ասվում է, որ «երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։
Մհեր Գրիգորյանը չի կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է անվերջ լուրեր տարածել այն մասին, որ կա ինչ-որ գաղտնի փաստաթուղթ։
«Չկա նման բան։ Ինչ-որ քննարկվում է մաքսիմալ հրապարակային է»,-ասաց Գրիգորյանը, վստահեցնելով, որ չի էլ կարող լինել փաստաթուղթ, որը չհրապարակվի ու հանրայնորեն չքննարկվի։
Գերիների հետ կապված հարցին ի պատասխան փոխվարչապետի պաշտոնակատարն ասում է, որ չկա մի հանդիպում, որտեղ հարցը չի քննարկվում, ու հույս հայտնեց, որ հարցը լուծում կստանա։
«Ավելի կոնկրետ բան այս պահին չեմ կարող ասել»,-ասաց Գրիգորյանը։