Ծրագրային դրույթներ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Արցախի Հանրապետության առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթից
Այն, ինչ կատարվում է Հայաստանի անվտանգության ու արտաքին հարաբերությունների ոլորտներում, կարելի է բնորոշել մի բառակապակցությամբ՝ լիակատար ձախողում: Առաջին անհրաժեշտ գործողությունը, որ կատարելու ենք անվտագության ոլորտում՝ Զինված ուժերի մարտունակության վերականգնումն է։ Ոչ թե պատերազմի, այլ՝ արժանապատիվ խաղաղություն ապահովելու համար։ Բանակը երկրի անվտանգության ողնաշարն է, այն պետք է լինի ժամանակակից, առավելագույն չափով պրոֆեսիոնալ ու մարտունակ։ Մեր բանակը աջակցության ու լուրջ բարեփոխման կարիք ունի:
ԱԱԾ-ն պետք է կրկին երկրի անվտանգության հարցերով զբաղվի, այլ ոչ թե հիմար հանձնարարություններ կատարի։ Այնտեղ ծառայում են բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող սպաներ, որոնց համար այդպիսի հանձնարարականները վիրավորական են։ Միջոցներ ենք ձեռնարկելու, որպեսզի այլևս երբեք թույլ չտանք ԱԱԾ-ի փոխակերպումը քաղաքական հետախուզության։
Ոստիկանությանը ստեղծված չէ մի պաշտոնյայի տեղաշարժն ապահովելու, նրա քմահաճույքները բավարարելու ու հիվանդագին վախերը սպասարկելու համար։ Մենք կվերադարձնենք ոստիկանությունը բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված գործառույթների դաշտ։ Աննորմալ է այն, ինչ մենք տեսնում ենք գրեթե ամեն օր:
Պարտությունը պատերազմում չպետք է սահմանափակի մեզ պարտվածի բարդույթով։ Հավատացնում եմ ձեզ, մոտակա տարիների համար սա լինելու է ամենից դժվար հաղթահարվող խնդիրներից մեկը։ Պարտությունը ծանր հարված է, մենք պետք է օգնենք մեր ժողովրդին հաղթահարելու այն բարդույթը, որն առաջանում է այսպիսի պարտություններից հետո:
Մենք ունենք արագ վերականգնման ներուժ և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի դա կենսական կարևոր հարց դառնա մեր դաշնակիցների ու առաջին հերթին՝ Ռուսաստանի համար։
Արտաքին հարաբերություններում կդադարեցնենք միջազգային ասպարեզում այսօր կիրառվող էժանագին շուստրիության քաղաքականությունը։ Իմ տեքստում այլ բառ է գրված՝ ճարպկություններ, բայց ես դա որակում եմ շուստրիություն, էժանագին շուստրիություն։ Միայն հիմարները կարող են զբաղվել դրանով ժամանակակից թվային աշխարհում։ Մենք կվերականգնենք վստահությունը երկրի հանդեպ՝ որպես կանխատեսելի ու հասկանալի գործընկերոջ:
Իրոք, չափազանց կարևոր է ձևավորել նոր օրակարգ, մենք չենք կարող նոր գաղափարներ առաջ չբերել։ Մենք մեր դաշնակիցների հետ միասին ի վիճակի ենք ապահովել ու պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը։ Մենք ի վկվերականգնենք նաև կորցրած դիրքեը միջազգային կառույցներում՝ առաջին հերթին անվտանգության հարցրեով զբաղվող կազմակերպություններում:
Ունեմ խոր համոզմունք, որ ի վիճակի ենք այս հարցերին այնպիսի լուծումներ տալ, որ ապագայում երբեք երկիրն ու ժողովուրդը չհայտնվեն նման իրավիճակներում։
Ուրեմն մենք պետք է շարժվենք դեպի ուժեղ Հայաստան: