կարևոր
2605 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-29 13:07

Բոլոր մեր տղերքի ծածանվող դրոշները մեզ շատ բան են ասում ու հուշում եւ պահանջում. Գեղամ Նազարյան

Բոլոր մեր տղերքի ծածանվող դրոշները մեզ շատ բան են ասում ու հուշում եւ պահանջում. Գեղամ Նազարյան

Աբգարս ութ ամիս առաջ զոհվեց։ Գիտեմ, հիմա ոմանք կասեն, թե հերիք է, թող հանգիստ ապրենք, ի՞նչ ես անդադար Աբգարիդ մասին խոսում։ Իսկ խոսում եմ, քանի որ Աբգարը, Հովասը, Արգամը, Գոռը, Արամը, Վարդանը, Հայկազը, Սարոն, Դավիթը, Ալեքսը, Նարեկը, Արան, մյուս հինգ հազար տղերքը զոհվել են։ Զոհվել են հայրենիքը պաշտպանելիս, իրենց ամենաթանկը՝ կյանքը տալով հայրենիքին՝ մեզ։ Այս մասին գրել է 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայր Գեղամ Նազարյանը:

«Մեր տղերքը չեն մահացել թմրանյութի մեծ չափաբաժին օգտագործելով, ավտոմեքենայով ճռիկներ անելու հետեւանքով։ Աբգարս ու մյուս տղերքն անդադար հիշեցնելու են իրենց մասին , հատկապես, երբ մոլագար մարդասպանը դեռ մեկուսացված չէ։ Ասեմ իմանաք՝ դիմանալու չէ, բայց դիմանում ենք։ Իսկ դիմանում ենք, քանի որ հենց մեր հերոս տղերքն են մեզ ուժ տալիս։ Ոչինչ չեմ ուզում անել, բայց Աբգարս գալիս, պարանոցիցս բռնում ու ասում է՝ հայրիկ, վեր կաց, հայրիկ լիքը գործեր ունեք անելու։

Աբգարս Տիգրանի, Գոռի, Հարությունի, Վարդանի, Դավիթի մյուս տղերքի հետ Երկնքից մեզ ուժ են տալիս եւ տալու են, որ դուրս գանք էս մղձավանջից ու անենք այն, ինչ պետք է անենք։ Աբգարիս, Մխիթարիս, Ալեքսիս, Դավիթիս, Նարեկիս, Գոռիս, Արմենիս, բոլոր մեր տղերքի ծածանվող դրոշները մեզ շատ բան են ասում ու հուշում եւ պահանջում»։