Արցախի երիտասարդական խորհուրդը ՀՀ իշխանական աթոռները զբաղեցրած անձանց պատասխանատու է համարում երկրին ներկա աղետալի իրավիճակին հասցնելու համար։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոբյանը։
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ գաղտնազերծված փաստաթղթի արդյունքում, Արցախը որպես Ադրբեջանի մաս կազմելու սպառնալիքը ի նկատի ունենալով, Արցախի երիտասարդական խորհուրդը իր անդրանիկ նիստում որոշեց անմիջապես նախաձեռնել հանդիպումներ ԱՀ ԱԳՆ փոխնախարարի, ԱՀ ԱԽ քարտուղարի և ԱՀ նախագահի հետ՝ պարզելու այս վտանգի մասին ԱՀ իշխանությունների լռության պատճառը:
Հանդիպումների արդյունքում Արցախի երիտասարդական խորհրդին պարզ դարձավ, որ ԱՀ իշխանությունները փաստաթղթի ստորագրումը համարում են ՀՀ իշխանությունների ներքին խնդիրը և հարկ չեն համարում խառնվել ՀՀ ներքաղաքական խնդիրներին:
Մեր համոզմամբ ԱՀ-ն պետք է տարածաշրջանում ունենա իր վճռորոշ դերն ու ասելիքը, մասնավորապես ազգային անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող հարցերում։
Արցախի երիտասարդական խորհուրդը ՀՀ իշխանական աթոռները զբաղեցրած անձանց պատասխանատու է համարում ՀՀ-ին և ԱՀ-ին ներկա աղետալի իրավիճակին հասցնելու համար և կոչ է անում անհապաղ ազատել զբաղեցրած աթոռները՝ իրենց տեղը զիջելով ազգային ուժերին, իսկ ԱՀ իշխանություններին կոչ ենք անում դրսևորել քաղաքական կամք և անտարբերությամբ չհետևել Հայաստանի ներկա իշխանությունների աղետալի քայլերին:
Մենք, որպես Արցախի երիտասարդությանը համախմբած խորհուրդ, հանձնառու ենք չեզոքացնել մեր պետականությանը սպառնացող ցանկացած ոտնձգություն և ստանձնում ենք հանրության հետ միասին դառնալ երկրին սպառնացող յուրաքանչոյւր վտանգի դեմ պայքարի առաջամարտիկը:
Մեզ համար առաջնային օրակարգ է մեր ազգային արժանապատվության վերականգնումը»: