Հայ ազգը չի մահացել, ես հավատում եմ, որ այստեղ հավաքված մարդիկ ժառանգորդներն են մայիսի 28-ը կերտած ազգային, արժանապատիվ և հաղթող տեսակի: Ինչպես սեպտեմբերի 27-ին բոլորս հավաքվեցինք, երդվեցինք ու գնացինք պաշտպանելու մեր հայրենիքը, հիմա էլ Արամի արձանի մոտ պետք է խոստանանք՝ տեր ենք կանգնելու մեր պետականությանը, մեր երկրին։ Հունիսի 21-ին գալիս ենք այստեղ, հավաքվենք, հաշվետվություն տանք մեր պետության հայրերին, որ երկիրը փրկել ենք չարիքի կառավարությունից։ Միասին կառուցելու ենք արամների Հայաստանը: Այս մասին այսօր Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ կազմակերպված հիշատակի միջոցառմանն ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Սիրելի հայրենակիցնե՛ր,
ընկերնե՛ր, բարեկամնե՛ր.
Մայիսի 28-ը հայ ժողովրդի կյանքում պատմական և անկյունադարձային օր է: Այս տարի, հատկապես, մայիսի 28-ն առանձնահատուկ խոհեր է ծնում։ Ապաշնորհ կառավարմամբ վտանգված է մեր պետականությունը, պետական կառույցների գործունեությունը, երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը։
Անառարկելի է, որ հենց անկախ պետականության հռչակումը դարձավ այն միջոցը, որի շնորհիվ ցեղասպանություն ապրած հայ ժողովուրդը պետք է փրկվեր վերջնական ոչնչացումից և պայմաններ ապահովեր իր հետագա գոյության և ազգային կյանքի կազմակերպման համար:
Դաշնակցությունն ազգային ազատագրական երեսնամյա պայքարում զոհաբերեց իր հազարավոր լավագույն մարտիկներին, որ ի վերջո՝ 1918 թվականի մայիսի 28-ին Երեւանում ծածանվի անկախ պետականության դրոշը։
Պետականությունն սոսկ առարկայական մի երևույթ չէ, որը ձեռք բերելով, ինչպես ոմանց թվացել է, կախարդական փայտիկի ուժով, երկիրն ու ժողովրդը կլինեն անվտանգ, կապրեն բարեկեցիկ ու կունենան ցանկալի առաջընթաց:
Պետականությունը նախևառաջ ազգային հավաքական արժեքների և իղձերի նկատմամբ հավատարմության խորը գիտակցումն է: Երկրի ու ժողովրդի ճակատագրի համար պատասխանատվության գիտակցումն է, քեզ վստահված երկրի ու ժողովրդի ներկան ու ապագան արարելու կարողությունն ու կամքը: Որևէ իշխանության մոտ այս գիտակցության, ունակության և կամքի բացակայությունը կնշանակի, որ պետականության նավի ղեկը հանձնվել է արկածախնդիրներին, որոնք հազար ու մի փորձության և, ի վերջո, կործանման կարող են դատապարտել նրա ընթացքը:
Սրանից 103 տարի առաջ եղեռնահար, հայրենիքի մեծ հատվածը կորցրած, հուսալքված ժողովուրդը, նվիրյալ ու փորձառու առաջնորդների ղեկավարությամբ, կարողացավ պատերազմների, ներքին անձև քաոսի, սովի ու համաճարակների պայմաններում, կանխել դասալքությունն ու դիմադրություն կազմակերպեց։ Եվ փրկվեց ոչ միայն հայ ժողովրդի մնացորդացը, այլև պետականություն հիմնվեց: Հիմնվեց մի փոքր հողակտորի վրա՝ մեկ տարի անց՝ 1919-ի մայիսի 28-ին արդեն հռչակելով միացյալ Հայաստան։ Հանրապետությունը ծնվեց ոչնչից...երբ սով էր, գաղթականություն, չկար որեւէ պետական հաստատություն։
Առաջին Հանրապետությունը եղավ կառավարման համակարգում բարոյականության նորմերի հաստատողը. երբ պատերազմի դաշտում զոհվում էին վարչապետերի զավակները, երբ պատգամավորի բացակայությունն օրենքով հարգելի էր միայն, եթե նա այդ օրերին գտնվել է ռազմի դաշտում: Երբ ավերակների, պատերազմի, գաղթականության այդ պայմաններում կառավարությունը հիմնում էր համալսարան, ազգային գրադարան, բացում թանգարաններ։ Երբ մեր հանրապետությունը դառնում էր աշխարհում առաջին երկրներից մեկը, ուր կինն ուներ ընտրելու և ընտրվելու իրավունք, երբ կազմավորվում էր բանակը, հայացվում Հայաստանը: Երբ նախարար ու շարքային երկաթուղային, ուսուցիչ ու գեներալ ապրում էին հավասար պայմաններում։
Այսօր, եթե ասում ենք Երեւանի հատակագիծ, այն հիմք է դրվել առաջին հանրապետության օրերին, ասում ենք դիվանագիտություն՝ առաջին դեսպանները այդ օրերին էին, ասում ենք Մայր բուհ՝ այդ օրերին էր այն կերտվում։ Ասում ենք Մատենադարան՝ այդ օրերին Հայաստանի կառավարությունն աշխարհի տարբեր անկյուններից ձեռագրեր էր ստանում, որ մեկտեղվեին Հայրենիքում։
Այդպիսին էր Հայաստանի Առաջին Հանրապետությունը, ուր տիրապետողը հավասարությունն էր, արդարությունը, սոցիալական հարցեր լուծելու՝ իշխանությունների հանձնառությունը, երկիրը ոտքի կանգնեցնելու հավատամքը։
Դժվարին եղավ նաեւ մեր նորանկախ երկրի ուղին։ Պարտերազմ, տնտեսական ու սոցիալական դժվարություններ։ Բայց նաեւ՝ վճռակամություն, հույս, քանի որ ունեինք Ազատամարտ ու հաղթանակներ, որոնք էլ հիմքը դրեցին երկարատև խաղաղության, պետական համակարգի կայացման, հույսի վերընձյուղման։ Հակառակ բոլոր հոռի երեւույթների, որոնք պետք է շտկվեին, սրբագրվեին։
Բայց ցնցումներն ու ապաշնորհությունը քայքայեցին ամեն ինչ։ Խարխլվեցին երկրի ապահովության ու անվտանգության հիմքերը։ Կանգնեցինք պարտադրված պատերազմի առաջ, որը հանգեցրեց մեր հայրենիքի մի մասի կորստին՝ խլելով մարդկային թանկագին կյանքեր:
1918 թվականին ազգին առաջնորդողները կործանարար աղետները հաղթահարելու գլխավոր պայման համարեցին ազգի և նրա տարբեր շերտերի համախմբումը: Անձնական զոհաբերությունների օրինակով նրանք փաստեցին, որ իրենք ժողովրդի հետ են, այդ պայքարի հավատավորներն ու առաջին անձնազոհները: Նրանք գործով փաստեցին ժողովուրդ առաջնորդելու իրենց կարողությունը, քայքայված երկիրը ոտքի կանգնեցնելու ընդունակությունը:
Սիրելի բարեկամներ, այսօր, երբ դժբախտաբար մենք կրկին լինելիության փորձությունների առջև ենք կանգնած, ինքներս մեզ ու մեր պետականությունը վերջնական կործանման կդատապարտենք, եթե շարունակենք կուրորեն հետևել խոստումներ շռայլող, բայց ոչինչ չանող, օտարի առաջ խոնարհվող, իսկ սեփական ժողովրդի վրա հոխորտացող, երկիրը քայքայման տանող, բայց անստույգ ապագա խոստացող բախտախնդիրներին:
Անցյալ դարասկզբի դասերը մեզ պատգամում են, որ ճգնաժամի հաղթահարման ու երկրի վերածննդի նախապայմաններ կարող են ապահովել այն քաղաքական ուժերն ու այրերը, որոնք նախևառաջ անկեղծ են սեփական ժողովրդի հետ: Նրանք, որոնք իրենց ապրած կյանքով ոչ մեկ անգամ ապացուցել են ազգային նպատակներին և տեսլականներին իրենց նվիրումը։ Այն ուժերը, որոնք փաստել են ճգնաժամային պահերին երկրի ղեկը ստանձնելու կարողությունը, նրանք, որոնք իրենց կյանքով ու կուտակած կենսափորձով ոչ միայն պարզապես փրկություն են բերել, այլև՝ նորանոր հաղթանակների ելքեր ապահովել: Ուժեր, որոնց քաղաքական, բարոյական նկարագրին հարիր չէ սեփական ժողովրդի մեջ թշնամիներ փնտրելը, որովհետև նրանք համոզում են ունեցել, որ միայն համազգային ներուժով և համերաշխությամբ է հնարավոր ծառայել ազգային շահին, լուծել ազգային կենսական խնդիրները:
Հայրենակիցնե՛ր, ես համոզված եմ՝ կան այսօր Հայաստանում այդպիսի ուժեր: Ես հավատում եմ մեր ժողովրդի ներուժին ու կամքին: Մի՞թե այսօրվա ժողովուրդն ու նրա հաղթական բանակը չէին հակառակորդին 25 տարի խաղաղություն պարտադրողն ու մեր պատական ու ազգային արժանապատվությունը բարձր պահողը։
Հավատքս ամուր է մեր ժողովրդի նվիրյալների անձնազոհության օրինակներով, իմ հազարավոր ընկերների Հայրենիքի նկատմամբ անվերապահ նվիրվածությությամբ։ Վկա՞ն. 2020 թվական սեպտեմբերի 27։ Պատերազմի առաջին իսկ ժամերին նույն այս հրապարկում կազմ պատրաստ էին Դաշնակցության «Կամավորական շարժման» հարյուրավոր անդամագրյալներ։ Վերահաստատեցին Հայրենիքին կյանքի գնով ծառայելու դաշնակցականի իրենց երդումն ու մեկնեցին առաջնագիծ։ Նրանցից շատերը, ցավոք, ընկան հայրենյաց մարտում։ Շատ շատերն էլ հիմա այստեղ կանգնած են մեր շարքերում։
Հայրենակիցնե՛ր, ընկերնե՛ր, ես հավատում եմ, որ այստեղ հավաքված մարդիկ ժառանգորդներն են մայիսի 28-ը կերտած ազգային, արժանապատիվ և հաղթող տեսակի: Ես հավատում եմ, որ այդ տեսակը մեր երկրում գնալով բացարձակ մեծամասնություն է կազմելու և շատ շուտով այն փոխելու է մեր պետության բարոյական ու քաղաքական մթնոլորտը, կրկին հաղթողի ոգի է ներշնչելու բոլորին, իր տեղն է ցույց տալու թշնամուն և ապահովելու է մեր երկրի նոր վերածնունդը:
Շնորհավորում եմ մեզ մայիսի 28-ի առիթով և մաղթում եմ հավատի նորոգում, նորանոր ու մեծ հաղթանակներ:
Ես հավատում եմ այդ հաղթանակներին:
Ինչպես սեպտեմբերի 27-ին բոլորս հավաքվեցինք, երդվեցինք ու գնացինք պաշտպանելու մեր հայրենիքը, հիմա էլ Արամի արձանի մոտ պետք է խոստանանք՝ տեր ենք կանգնելու մեր պետականությանը, մեր երկրին։ Հունիսի 21-ին գալիս ենք այստեղ, հավաքվենք, հաշվետվություն տանք մեր պետության հայրերին, որ երկիրը փրկել ենք չարիքի կառավարությունից։ Միասին կառուցելու ենք արամների Հայաստանը։
Կեցցե՛ Մայիսի 28-ը, կեցցե Արցախը, կեցցե՛ Հաայստանը, կեցցե՛ Սփյուռքը։
Կեցցե՛ուժեղ հայությունը: