կարևոր
1837 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-28 17:14

«Շարունակելու ենք զարգացնել ու խորացնել հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը». Շոյգուն հանդիպել է Վաղարշակ Հարությունյանի հետ

«Շարունակելու ենք զարգացնել ու խորացնել հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը». Շոյգուն հանդիպել է Վաղարշակ Հարությունյանի հետ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մայիսի 28-ին Մոսկվայում հանդիպել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ:

ՌԴ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչն առաջարկել է քննարկել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: «Մենք կքննարկենք հարցեր, որոնք առնչվում են տարածաշրջանային անվտանգությանը՝ կապված Արցախում խաղաղապահ ուժերի աշխատանքի հետ, ինչպես նաև, անկասկած, բոլոր սուր խնդիրները, որոնք ծագել են տվյալ պահին»,- ասել է Շոյգուն:

Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ հանդիպմանը քննարկվելու են հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր: Նրա գնահատմամբ՝ երկու երկրների հարաբերությունները շատ լավ են զարգանում:

Հանդիպման մեկնարկին Շոյգուն նկատել է, որ ՌԴ-ն և ՀՀ-ն ամրապնդում են ռազմական փոխգործակցությունն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կառույցների շրջանակում՝ առաջ հերթին ՀԱՊԿ-ի շրջանակներում:

«Երկկողմ համագործակցության բարձր մակարդակի ցուցանիշն է Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի գործունեությունը, որը կարևոր գործոն է համարվում տարածաշրջանի անվտանգության պահպանման հարցում»,- նշել է ՌԴ պաշտպանության նախարարը:

Նա շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին և ողջ հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ՝ ընդգծելով, որ հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են բարձր մակարդակի վրա մնալ: «Մենք շարունակելու ենք զարգացնել ու խորացնել մեր ռազմավարական գործընկերությունը»,- հայտարարել է Շոյգուն: