կարևոր
1201 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-28 10:53

Արցախի պետնախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հրաժարական է տվել

Արցախի պետնախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հրաժարական է տվել

Սույն թվականի հունիսի 1-ից վայր եմ դնում Արցախի Հանրապետության պետական նախարար-ֆինանսների նախարարի իմ լիազորությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում  գրել է Գրիգորի Մարտիրոսյանը:

«Պաշտոնից հեռանալու որոշումը կայացրել եմ դեռևս 2020 թվականին, սակայն մեզ պատուհասած պատերազմը և հետպատերազմյան ճգնաժամային իրավիճակում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները ստիպեցին հետաձգել որոշումս:

Պաշտոնավարման ողջ ընթացքում՝ մեր երկրի համար չափազանց ծանր փորձությունների ժամանակաշրջանում, փորձել եմ անել հնարավորը՝ ինձ վստահված ոլորտում մարտահրավերներին դիմակայելու և առանցքային խնդիրները լուծելու ուղղությամբ` ի նպաստ մեր երկրի ապագայի:

Շնորհակալ եմ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանին՝ բարձր վստահության և համատեղ աշխատանքի համար: Շնորհակալ եմ իմ բոլոր գործընկերներին՝ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում, ում հետ աշխատելու բախտ է վիճակվել: Շնորհակալ եմ պետական նախարարի աշխատակազմի և ֆինանսների նախարարության ողջ անձնակազմին՝ նվիրումի, բարձր արհեստավարժության և արդյունավետ աշխատանքի համար:

Շարունակելու եմ ծառայել Արցախի Հանրապետությանը և Արցախի ժողովրդին՝ անկախ հետագա իմ գործունեության ոլորտից:

Մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, կայունություն, արագ ապաքինում և հետագա զարգացում:

Խոնարհվում եմ նահատակված մեր հերոսների անմար հիշատակի առջև։

Աստված պահապան մեր ժողովրդին»,- գրել է Մարտիրոսյանը: