կարևոր
1480 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-28 09:15

Շնորհավոր Մայիսի 28. չունենալով պետություն կառավարելու փորձ՝ Դաշնակցությունը և դաշնակցականները արեցին հնարավոր և անհնար ամեն ինչ զրոյից պետություն կառուցելու համար.

Շնորհավոր Մայիսի 28. չունենալով պետություն կառավարելու փորձ՝ Դաշնակցությունը և դաշնակցականները արեցին հնարավոր և անհնար ամեն ինչ զրոյից պետություն կառուցելու համար.

ԵԹԵ ՉԵՆՔ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՄԵՐ ԱՆՑՅԱԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ԱՊԱ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԶՐԿՎԵԼ ՆԱԵՎ ԱՊԱԳԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

ԽՈՀԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 103-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանն անդրադարձել է Մայիսի 28-ի խորհրդին.

«Լրանում է առաջին հանրապետության 103 ամյակը: Ճիշտ այդքան տարի առաջ մայիսյան հերոսամարտերում տարած փալյուն հաղթանակի շնորհիվ հայ ժողովուրդը վերականգնեց իր անկախ պետականությունը: Անկախ պետականաստեղծումի և պետականակերտման դժվարին, բայց պատվաբեր գործը ղեկավարելու առաքելությունը պատմական իրադրության բերումով և նախընթաց տասնամյակներում հայ ժողովրդի քաղաքական կյանքում ունեցած անվիճելի առաջատարության շնորհիվ վերապահվեց Հայ Յեղափոխական Դաշնակցությանը:

Չունենալով պետություն կառավարելու փորձ (հայ իրականության մեջ ոչ մի քաղաքական կազմակերպություն այդ փորձը ցավոք չուներ), Դաշնակցությունը և դաշնակցականները արեցին հնարավոր և անհնար ամեն ինչ զրոյից պետություն կառուցելու համար: Արևելյան Հայաստանը Ցարական Ռուսաստանի ժամանակներում Անդրկովկասի ամենաետամնաց երկրամասն էր: Ցեղասպանության և Առաջին աշխարհամարտի ծանր հետևանքները ավելի էին քայքայել Արևելյան Հայաստանը. գաղթականներ, որբեր, ավերածություններ, հարևանների հետ պատերազմական վիճակ և շրջափակում, ներքին սահմանափակ ռեսուրսներ: Այս էր առաջին հանրապետության նորաստեղծ կառավարության ժառանգությունը, և ինչպես տիպիկ է բնութագրել առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին, իրենց կառավարությունը չէր հաջորդել նախորդ կառավարությանը, և ամեն ինչ պետք է սկսեր չեղած տեղից:

Այս պայմաններում Արամ Մանուկյանի, Գարեգին Նժդեհի, Հովհաննես Քաջազնունու, Դրոյի, Ռուբեն Տեր-Մինասյանի և այլոց գործածն իսկապես սխրանք էր: Արամը բառացիորեն հիմնադրեց հանրապետությունը, Նժդեհը հանրապետության ղեկավարության հանձնարարությամբ մեկնեց Սյունիք և փրկեց այն, Հ. Քաջազնունին պարտադրեց և կիրառեց պետությունը և կուսակցությունը տարբերելու սկզբունքը, Դրոն սաստեց վրացիներին, պարտություն չկրեց թուրքերի դեմ պատերազմում, Ռուբենը մաքրեց թուրք-թաթարական դավադիր տարրերը Արարատյան դաշտավայրից: Երկար կարելի է թվարկել այս շարքը: Անհատ գործիչների ձեռքբերումներն անշուշտ արդյունք էին ոչ միայն իրենց նվիրումի, այլ նաև համաժողովրդական աջակցության:

Ունեցանք նաև ձախողումներ, ցավալի ձախողումներ, օրինակ՝ Կարսի անկումը, որը ճակատագրական եղավ հանրապետության համար:

Հայաստանի առաջին հանարպետության պատմությունը պետություն կառուցելու դասական օրինակ է. ձեռքբերումները՝ ոչ միայն հպարտություն, այլ դրանք զարգացնելու շարժառիթ, ձախողումները՝ նոր սխալներ թույլ չտալու յուրատակուկ դաս:

Այս տեսակետից պետք է իսկապես քննադատաբար մոտենալ Առաջին հանարպետության պատմությանը: Ես վստահ եմ, շատ ժողովուրդներ նախանձով կվերաբերեին մեր անկախ պետականության այդ կարճատև, բայց հերոսական և ձեռքբերումներով լի պատմությանը: Միայն այն, որ ներկայիս հանրապետությունը գոյություն ունի առաջին հանրապետության հիմքի վրա, բավարար է, որ մենք հպարտանանք առաջին հանրապետությամբ և նրան կերտողներով:

Բայց այսօր, ցավոք, մեր իրականության մեջ կա մի ստվար զնագված (ցավալի է, բայց բնավ զարմանալու չէ), որը առաջին հարապետության պատմությունը քննում է ոչ թե պետականակերտման պատմությանը, այլ քաղաքական առումով ոչ համակրելի կամ հակառակորդ կուսակցության պատմությանը նայելու ակնոցով:

Սեփական անսխալականություն բարդույթով տառապելը, ամեն ինչ իր կետից սկսող երևալու հիվանդագին մոլուցքը, ժամանակին իրենց պապերից մեկին որևէ դաշնակցականի հասցրած և շատ դեպքերում արդարացված ապտակը փոքրոգի քինախնդրությամբ հիշելն ու այդ դիտանկյունից սեփական ժողովրդի պատմությունը գնահատելը մեզ հեռացնելու և կտրելու է ոչ միայն մեր անցյալի հարուստ պատմությունց, այլև՝ պատմություն ունենալու ապագայից:

Հ. Գ. – 2021 թ. աշնանը անցկացնելու ենք շուրջ մեկ դար առաջ Հայաստանի առաջին Հանրապետության շուրջ զարգացած իրադարձությունները քննող լրջագույն գիտաժողով: Պարտավոր ենք ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՈՒՄ-ՍԵՎՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ - ԿԱՐՍԻ ԱՆԿՈՒՄ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՅՆԱՑՈՒՄ - ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ - ՄՈՍԿՎԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ - ԱՐՑԱԽԻ ԲՌՆԱԿՑՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ- ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ - ԼՈԶԱՆԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ շարքը քննել համընդհանուր շահը նեղ շահերից գերադասելու, անցյալը արժեքավորելու ըմբռնումով, այլապես պատմությունը մեզ համար կվերավծվի փակ շղթայի:

Շնորհավոր ՄԱՅԻՍ 28: