ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից 6 հայ զինվորի գերեվարման հետ կապված։
Հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ին անհանգստացնում են վերջին զարգացումները Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով, այդ թվում` ադրբեջանական ուժերի կողմից մի քանի հայ զինծառայողների կալանավորումը:
«Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում անհապաղ և խաղաղ կարգավորել այս միջադեպը: Շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և մյուս ձերբակալվածներին, և հիշեցնում ենք Ադրբեջանին միջազգային մարդասիրական օրենսդրությամբ ստանձնած բոլոր ձերբակալվածներին մարդասիրաբար վերաբերվելու պարտավորությունների մասին:
ԱՄՆ-ը ավելորդ է համարում ցանկացած տեղաշարժ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի ոչ գծանշված տարածքներում: Մենք մերժում ենք ուժի օգտագործումը սահմանը սահմանազատելու համար և կոչ ենք անում երկու կողմերին վերադառնալ իրենց նախկին դիրքերը և դադարեցնել ոչ սահմանագծված սահմանի ռազմական ամրացումը և ականների տեղադրումը: Այս գործողությունները կթուլացնեն լարվածությունը և տարածք կստեղծեն խաղաղ բանակցային գործընթացի համար՝ սահմանն անհապաղ սահմանազատելու համար: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել այդ ջանքերին:
ԱՄՆ-ը կողմերին հորդորում է հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, Արցախյան հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար»,-ասվում է ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ։