Այսօր էլ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցողի ու դիվանագիտական խողովակներով քննարկումների, նաեւ հենց արտգործնախարարի պաշտոնակատարի հետ ինչ-ինչ հարցերի քննարկված լինելու մասին է Նիկոլ Փաշինյանը խոսել: Մինչդեռ այժմ դա կասկածի տակ է դնում հենց Արա Այվազյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին լուրի հաստատումը:
Իսկ հենց Անվտանգության խորհրդի նիստում, ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հերթական աղմկահարույց հայտարարությամբ ու առաջարկով։ Նա, հիշեցնելով, որ Ադրբեջանը սահմանների հետ կապված ունի իր վարկածով քարտեզները, ու այս՝ անցնող օրերին վիճակը լարված է, առաջարկ է ուղղել միջազգային հանրությանն ու Ադրբեջանի ղեկավարությանը։
Նա առաջարկել է Սոթքից՝ Գեղարքունիքից մինչեւ Սյունիք՝ Խոզնավար երկու կողմերի զինված ուժերին ետ քաշվել ներկայում իրենց զբաղեցրած հատվածներից՝ դեպի ելման դիրքեր, Իսկ դրանց միջեւ տեղակայել միջազգային դիտորդներ։ Հաշվի առնելով, որ այս հիմնարար առաջարկը մշակվել է շատ հապճեպ, դա Փաշինյանն է պնդում Գեղարքունիք կատարած այցից հետո, առայժմ առաջարկում հստակություն էլ չկա, թե որ երկրի դիտորդներն են կանգնելու այդ հատվածներում՝ Ռուսաստանի՞, թե՞ ԵԱՀԿ-ի։
Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը, որը պնդում էր, որ ադրբեջանցիները ներթափանցել են հայկական սուվերեն տարածքներ, հիմա առաջարկում է Հայկական զինված ուժերը ետ քաշել հենց հայկական տարածքներից, փոխարենը՝ դրանք հանձնել միջազգային դիտորդների հսկողությանը։