կարևոր
1930 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-27 20:20

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Մայիսի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և ՀՀ Գլխավոր շտաբի օպերատիվ արձագանքման վարչության պետի տեղակալ գնդապետ Նորայր Կարապետյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։ 

Ավետ Ադոնցը ներկայացրել է մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զորամիավորումների սադրիչ գործողությունները՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ ԶՈՒ վեց զինծառայողի գերեվարմանը։

Գնդապետ Կարապետյանը ներկայացրել է դեպքի մանրամասները՝ նշելով, որ գերեվարված ՀՀ ԶՈՒ զինծառայողները չեն հատել ՀՀ պետական սահմանը և գերեվարվել են ՀՀ պետական սահմանից 800 մետր խորության վրա։ 

Ավետ Ադոնցը նշել է, որ Հայաստանն ակնկալում է գործընկեր և բարեկամ երկրների անհապաղ և հասցեական արձագանքը և գործուն միջամտությունը, այդ թվում՝ Ադրբեջանի վրա անմիջական ազդեցությունը՝ ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության հանդեպ անհապաղ դադարեցնելու և իր զինված ուժերը մայիսի 10-ի դրությամբ ելման դիրքեր վերադարձնելու համար: «Հայաստանի Հանրապետությունը, ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան, իրավունք է վերապահում ձեռնարկել անհրաժեշտ և համարժեք քայլեր՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ցանկացած գնով պաշտպանելու և հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար»,- ավելացրել է ԱԳ նախարարի տեղակալը։