կարևոր
1777 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-27 19:43

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՊՆ նախարարի պաշտոնակատարի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՊՆ նախարարի պաշտոնակատարի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ: Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը Հանրապետության նախագահին տեղեկություններ է հայտնել ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքում Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանները խախտելու հերթական դեպքի և ինժեներական աշխատանքներ կատարող հայ զինծառայողների գերեվարելու վերաբերյալ, նշելով, որ բոլոր միջոցները ձեռնարկվում են վերջիններիս շուտափույթ վերադարձնելու համար:

Անդրադարձ է եղել նաև սահմանային իրավիճակին: Նախարարի պաշտոնակատարը հայտնել է, որ իր այցը Մոսկվա կապված է նաև ստեղծված իրավիճակի կարգավորման հետ:

Հանրապետության նախագահն անհետաձգելի է համարել անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը, համապատասխան բոլոր մարմինների, հայկական զինված ուժերի և դիվանագիտական բոլոր հնարավորությունների օգտագործումը մեր զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ: Նա միաժամանակ նշել է, որ ամեն ինչ պետք է անել նման դեպքերը բացառելու, մեր զինծառայողների և քաղաքացիների անվտանգությունը, սահմանների անձեռնմխելիությունն ու պատշաճ պաշտպանությունը ապահովելու համար:

Նախագահն Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները համարում է միջազգային իրավունքի նորմերի ակնհայտ խախտում, որոնք պետք է արժանանան միջազգային հանրության ամենախիստ հակազդմանն ու գնահատականին: Համապատասխան քայլեր ձեռնարկելու հետ մեկտեղ նա կարևորում է միջազգային գործընկերների հետ ակտիվ աշխատանքի շարունակումը:

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ: ԳՇ պետը Հանրապետության նախագահին մանրամասներ է ներկայացրել ՀՀ Գեղարքունիքի մարզում ինժեներական աշխատանքներ կատարող հայ զինծառայողներին գերեվարելու դեպքի և սահմանային իրավիճակի վերաբերյալ:

Հանրապետության նախագահն անհետաձգելի է համարում համապատասխան մարմինների և առաջին հերթին՝ հայկական զինված ուժերի և դիվանագիտական բոլոր հնարավորությունների օգտագործումը գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ: Ըստ նախագահի, պետք է արվի առավելագույնը՝ սահմանագիծը պահող մեր զինվորականների և Հայաստանի Հանրապետության բնակչության անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ:

Նշելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանի սադրիչ գործողությունները պետք է արժանանան միջազգային հանրության խիստ արձագանքին՝ նախագահն ասել է, որ շարունակելու է բարձրացնել հարցը միջազգային գործընկերների հետ շփումների ժամանակ: