Մայիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից ամենամյա ժողովը, որին մասնակցում էին Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսները, թեմակալ առաջնորդները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները, Հայաստանի և Արցախի թեմերում սպասավորող շուրջ 184 եկեղեցականներ:
Մինչ հավաքը հոգևոր դասը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Արևագալի ժամերգության: Այնուհետև Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տանը ժողովը սկսեց իր աշխատանքը:
Հավաքը բացվեց կազմակերպիչ հանձնախմբի նախագահ և Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ողջույնի խոսքով, որից հետո Սրբազանը հանդես եկավ «Հանրապետությունում առկա իրավիճակի վերլուծում․ մարտահրավերներ» և «Եկեղեցու անելիքները ներկա իրավիճակում» թեմաների շուրջ միացյալ բանախոսությամբ։
Ներկայացված նյութերի շուրջ ծավալվեցին քննարկումներ, եկեղեցականները ներկայացրեցին իրենց դիտարկումներն ու առաջարկները՝ անդրադառնալով երկրում ստեղծված ծանր իրավիճակին և դրա հաղթահարման գործում հոգևորականության առաքելությանը, ինչպես նաև ռազմագերիների, զոհվածների, անհայտ կորածների, վիրավորների և տեղահանվածների ընտանիքներին ցուցաբերվելիք առանձնակի հոգևոր խնամքին և ներկա պայմաններում Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական, հովվական ծառայությանը, առկա մարտահրավերներին։
Ժողովը եզրափակվեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամով:
«Աստծո կամոք հնարավոր եղավ կազմակերպել Հայաստանի և Արցախի թեմերում ծառայող քահանաների ամենամյա հանդիպումը, թեև մարդկությանը պատուհասած համավարակը դեռ չի հաղթահարվել։ Նման հավաքի անհրաժեշտությունն առավել հրամայական է ներկա պայմաններում, երբ մեր ժողովուրդը և հայրենիքը Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով կրեցին ցավալի կորուստներ, և մեր պետության առջև հառնեցին լրջագույն նոր մարտահրավերներ։ Արցախյան պատերազմը մեր առջև պարզեց շատ ճշմարտություններ՝ թե՛ աշխարհաքաղաքական իրողությունների և թե՛ ներքաղաքական, հասարակական կյանքի սխալ ընթացքների, բացթողումների և թերությունների առումով։ Ժամանակի մեջ, վստահ ենք, դեռ ամբողջական գնահատական պիտի տրվի բոլոր երևույթներին», - ասաց Նորին Սրբությունը՝ նկատելով, որ այս ժողովը նաև պատեհ առիթ է դժվարին այս իրադրության մեջ քննարկելու և սահմանելու հովվական, հոգեխնամ և սոցիալական առաջնահերթությունները, այլև, ըստ հարկի, վերատեսության ենթարկելու ներկա բարդ հանգամանքներում հովվական առաքելության իրականացման կերպերը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ առաջիկայում ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ձևավորվի հայրենանվեր, ազգասեր և արհեստավարժ, ազգային արժեքներով առաջնորդվող իշխանություն, որն իր նվիրումով և աշխատանքով ի վիճակի կլինի դուրս բերելու հայրենի երկիրը բարդ իրադրությունից, երաշխավորելու հայրենիքի անվտանգությունը, հետապնդելու ազգային մեր իրավունքները և ապահովելու արժանապատիվ կյանք ու զարգացում մեր ժողովրդի համար Հայաստանում և Արցախում։ Հայրենիքի լուսավոր գալիքի կերտման գործում Նորին Սրբությունը կարևոր նկատեց նաև սփյուռքի դերակատարությունը ՝ իր հսկա ներուժով։
Վերջում Հայրապետն աղոթք բարձրացրեց համայն մեր ժողովրդի բարօրության, Հայաստան ու Արցախ մեր հայրենիքի խաղաղության և անվտանգության համար՝ վերստին պատգամելով հոգևոր դասին նախանձախնդիր լինել հավատավոր ժողովրդի հոգևոր խնամքի իրականացման առաքելության մեջ։