կարևոր
1573 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-26 14:30

Ինչպես կարողացավ Ռոբերտ Քոչարյանն իր կառավարման տարիներին ձու ներկրող երկրից Հայաստանը դարձնել ձու արտահանող

Թռչնաբուծական ընկերության ներկայացուցչի հարցին՝ ինչպե՞ս կարողացավ Ռոբերտ Քոչարյանը իր կառավարման տարիներին ձու ներկրող երկրից Հայաստանը դարձնել ձու արտահանող, ՀՀ երկրորդ նախագահը պատասխանեց՝ եթե հետաքրքիր է՝ կարող եմ պատմել դա ոնց էր՝ ա՛յ սենց էր․ ու բռունցքը խփեց սեղանին։

Նա նշեց, որ աշխատատեղեր ստեղծելը գերխնդիր էր իր համար՝ մարդիկ գործ չունեին, իսկ, իր համոզմամբ, տղամարդը բազմոցին պառկած դեգրադանում է, նաև տունը պահողի ինստիտուտն է քայքայվում։

«Այդ ոլորտում ասել ենք՝ ինչքա՞ն է ներմուծվում, ի՞նչ է ներմուծվում, որ կարող ենք մենք արտադրել։ Ցանկի սկզբում ձվի արտադրությունն էր, հետո մսի արտադրությունը գնաց։ Հանդիպել եմ գործարարների հետ, ինչ ասել են այդ ոլորտի մարդիկ՝ մի թղթի վրա դրել եմ, ասել՝ եթե այս հարցերը լուծենք՝ ի՞նչ ժամկետում կարող ենք ներմուծումը փոխարինել սեփական արտադրությամբ։ Ու պայամանվորվել ենք՝ հանկարծ եթե ես իմ մասն անում եմ, իրենք իրենցը չեն անում՝ թող ինձանից չնեղանան․ բոլորն անխտիր իրենց մասով փայլուն ձևով արել են»,-պատմեց Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց, որ բացի օրենսդրական կարգավորումներից նաև վարչարարություն է եղել․ «Ուղղակի մաքսայինին հանձնարարել եմ՝ մի հատ թուրքական մի ձու մտավ Հայաստան՝ մի տեղդ պոկելու եմ»,-ասաց Քոչարյանը։

Բայց նաև հաշվի են առել, որ երկրի ներսում դիֆիցիտ չստեղծվի, գների թանկացման չբերի։ Հետո նույն պերպ թռչնամսի մասով են արել, հետո՝ այլ ոլորտներում։

«Դա ճիշտ բան չէ՝ կառավարության կողմից այդպիսի քայլեր անելը, բայց այն ժամանակ այնպիսի վիճակում էինք, որ արեցինք, բերեցինք խելքի, և հետո 2003-5 թթ այդպիսի բաներ չէինք անում՝ ավտոպիլոտի  մեջ արդեն գնում էր»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Արդյունաբերության զարգացման մասին ասաց՝ 10-15 գործարանի ցուցակ էին հանում ու քննարկում՝ այդ գործարանը կարո՞ղ է աշխատել, ի՞նչ է պետք, ժամկետը դրել են, գործարաններն աշխատել են։

Մեկ-մեկ սա օգնում է՝ ասաց նա՝ բոռունցքը սեղանին խփելով, բայց այսօր, Քոչարյանի համոզմամբ, ավելի շատ պետք է տնտեսական լծակներով սա անել։

«Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ պիտի լոլիկ մտնի մեր հանրապետություն Թուրքիայից․ խի՞ ենք մեր գյուղացուն դնում հիմար վիճակում, պետք է նայենք մեր սուբսիդավորման ծավալները և Թուրքիայում սուբսիդավորման ծավալները։ Ենթադրելի է, որ ներմուծողները ազդեցություն ունեին կառավարության վրա, բայց եթե նպատակը աշխատաատեղեր ստեղծելն է, դա պետք է հաղթահարվի»,-ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանը վստահեցրեց, որ բոլոր գործարարների խորհուրդները հաշվի է առել, «պաշտոնի եմ, ուրեմն, ես ամենից լավը գիտեմ» ֆորմուլան ինքը միշտ մերժել է։