Այսօր միանգամից երկու իմքայլական պատգամավոր, գրեթե նույն տեքստով, հայտարարեցին, որ չեն ներառվելու արտահերթ ընտրությունների՝ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը և Նիկոլայ Բաղդասարյանը հայտնում են, որ չեն մասնակցելու հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին: Երկուսն էլ 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավորական մանդատը ստացել են «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքից. Մանուկյանը՝ համապետական ընտրական ցուցակով, իսկ Բաղդասարյանը՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Մանուկյանն անկուսակցական է, Իսկ Նիկոլայ Բաղդասարյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ: Ընդ որում հայտարարության տեքստում Արտակ Մանուկյանը նշել է «Իմ Քայլի» համամասնական ցուցակ, բայց նման ցուցակ չի կարող լինել, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել է, որ առանց դաշինքի է մասնակցելու արտահերթ ընտրություններին:
Երկու պատգամավորներն էլ նշում են, որ իրենց որոշումը քաղաքական ենթատեքստ չունի և հարցի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություն չունեն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն էր հայտարարել, որ չի մասնակցելու արտահերթ ընտրություններին՝ պատճառաբանելով թե՝ «անընդունելի եմ համարում անհասկանալի այս պատերազմում պարտվածի կարգավիճակի գիտակցմանը համակերպվելը, ինչը հարիր չէ իմ ու իմ կողմից ղեկավարվող կառույցի անցած ճանապարհին ու առաքելությանը։ Նման եւ այլ հանգամանքներից ելնելով որոշել եմ չառաջադրվել որպես թեկնածու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, մնալով հավատարիմ իմ ժողովրդին, երկրապահին ու իմ կոչմանը»։
Հավելենք նաև, երեկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը նույնպես հայտարարեց ընտրություններին չմասնակցելու և Մանե Թանդիլյանի հետ նոր քաղաքական ուժի ստեղծման մասին: Մեսրոպ Առաքելյանը «Առաքելություն» կուսակցության խորհրդի անդամ է, որը 2018թ.-ի ընտրություններին միացավ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը «Իմ քայլը» դաշինքում: Մեսրոպ Առաքելյանը մոտ մեկ ամիս առաջ հրաժարական տվեց Սոցիալական ապահովության նախարարի պաշտոնից, որին նշանակվել էր 2020թ.-ի նոյեմբերին: