Գորիս համայնքում ամեն ինչ խաղաղ է։ Մեր սահմաններին որևէ կրակող չի եղել, բարեբախտաբար այլ միջադեպեր ևս չկան։ Այս մասին տեղեկացնում է Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը։
«Թշնամին դեռ շարունակում է մեր սահմանում մնալ, բայց որևէ միջադեպ, Փառք Աստծո, չկա։ Տղաները սահմանին զգոն են»,- գրել է նա։
Նշենք, որ քիչ առաջ էլ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, նշելով, որ տարածվող տեղեկությունները հայ-ադրբեջանական սահմանի՝ Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցների և դրանց հետևանքով հայկական կողմից վիրավորների վերաբերյալ չեն հաստատվում։
«Սահմանագծի այդ հատվածում միջադեպեր չեն գրանցվել»,- հայտնել են ՊՆ-ից։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 14։20-ի սահմաններում թշնամին հայ դիրքապահների ուղղությամբ կրակել է․ փոխհրաձգության արդյունքում հայ զինծառայող է զոհվել։