կարևոր
2821 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-25 15:40

Սյունիքում բանակցությունները կանգ են առել. Վաղարշակ Հարությունյանը և Ռուստամ Մուրադովը հանդիպել են

Սյունիքում բանակցությունները կանգ են առել. Վաղարշակ Հարությունյանը և Ռուստամ Մուրադովը հանդիպել են

Հայ և ադրբեջանական կողմի զինվորականների միջեւ բարձր մակարդակով բանակցություններ տեղի չեն ունենում արդեն 6 օր։

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ նախապես համաձայնեցված բանակցությունները չեղարկվել են, քանի որ ադրբեջանական կողմը բանակցությունների չէր ներկայացել։

ՊՆ-ից հայտնել են, որ բարձր մակարդակով բանակցությունների մասին տեղեկություններ այս պահին չկան։ 

Փոխարենը Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը հեռխոսազանգեր և հանդիպումներ է ունենում տարբեր պաշտոնյաների հետ:

Այսօր Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախում խաղաղապահ առաքելության ընթացքը։ Ռուստամ Մուրադովը ներկայացրել է գործողությունները, որոնք ձեռնարկվում են ռուսական զորախմբի կողմից՝ հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ։

Զրուցակիցները մանրամասն քննարկել են նաև ադրբեջանական սադրանքի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը և հայկական կողմի ձեռնարկած գործողությունները։ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ բացարձակ անթույլատրելի է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ որևէ ոտնձգություն, և որ այս հարցում պաշտպանության նախարարության դիրքորոշումը հստակ է. ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները պարտավոր են առանց նախապայմանների վերադառնալ իրենց ելման դիրքեր։

Վաղարշակ Հարությունյանն ու Ռուստամ Մուրադովը քննարկել են իրադրության հանգուցալուծման հնարավոր տարբերակները։