կարևոր
1132 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-25 13:42

Ռոբերտ Քոչարյանի գործով նիստը հետաձգվեց մինչև հունիսի 15-ը

Ռոբերտ Քոչարյանի գործով նիստը հետաձգվեց մինչև հունիսի 15-ը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր հետաձգել է ԵԴ/0253/01/19 գործով քննությունը մինչև հունիսի 15-ը։

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրել է, որ մայիսի 24-ից մինչև հունիսի 9-ը ներառյալ գտնվելու է արձակուրդում և միջնորդել է հետաձգել այսօրվա դատական նիստը։ Բացի այդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը նույնպես տեղեկացրել է իր արձակուրդ մեկնելու մասին։ Դատավորը նշել է, որ Վարդևանյանի արձակուրդ մեկնելը խնդիր չի առաջացնելու, քանի որ Ռ․ Քոչարյանն ունի նաև այլ պաշտպաններ։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը առարկել է, նշելով, որ պաշտպանների արձակուրդ մեկնելու մասին նրանք տեղեկանում են հենց դատական նիստի օրը։ Ի պատասխան սրան, Վարդևանյանը հայտարարել է, որ արձակուրդից օգտվելու իրավունք ունեն բոլորը և դրա մեջ որևէ արտառոց բան չկա։ Ժամանակին դատավոր Աննա Դանիբեկյանը նույնպես մեկնել է արձակուրդ։

Հաշվի առնելով, որ Էրիկ Ալեքսանյանի բացակայությամբ դատական նիստը չի կարող տեղի ունենալ, այսօրվա նիստը հետաձգվել և նշանակվել է հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը մայիսի 11-ին էր, որը հետաձգվել էր, քանի որ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն միջնորդել էր հետաձգել նիստը՝ հաշվի առնելով իր պաշտպանյալի առողջական վիճակը։ Ալեքսանյանը տեղեկացրել էր, որ Արմեն Գևորգյանը գտնվում է ամբուլատոր վերահսկողության տակ, և խնդրեց նոր նիստ նշանակել մայիսի 25-ից ոչ շուտ: