Մեր նախընտրական պլատֆորմը երկրի զարգացման մանրամասն ծրագիրն է, որ առաջիկա օրերին կներկայացնենք: Այս մասին ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մամուլի ասուլիսում՝ պատասխանելով հարցին, թե՝ իշխող թիմը պոպուլիզմին տուրք կտա և ատելության քարոզ կտանի ընտրապայքարի ժամանակ, և «Հայաստան» դաշինքի սոլիդ ծրագրերը հնարավոր է տեղ չհասնեն։
«Իշխանությունը ստից, կեղծիքից ու ամբոխավարությունից բացի ուրիշ անելիք ու ասելիք չունի։ Գնա ի՞նչ ասի ու ի՞նչ ներկայացնի ժողովրդին։ Ամբողջ քարոզարշավի ընթացքում փորձելու է շեշտը դնել այն բանի վրա, ինչ երեք տարի շարունակ խոսել է՝ պոպուլիզմ, ամբոխավարություն, սուտ, կեղծիք։ Կարծում եմ՝ մեր հասարակության համար արդեն պարզ է այսօրվա իշխանության նկարագիրը, և այլևս սուտն ու կեղծիքը տեղ չեն հասնի։ Մենք ունենք նախընտրական պլատֆորմ, առաջիկա հինգ տարիների համար երկրի զարգացման մանրամասն ծրագիր, որն առաջիկա օրերին կներկայացնենք։ Ընտրարշավի ժամանակահատվածը շատ կարճ է, բայց մենք փորձելու ենք այն տեղ հասցնել։ Մենք խոսելու ենք երաշխավորված ապագայից, Հայաստանի զարգացման տեսլականից, խոսելու ենք փաստերով, առանց պոպուլիզմի, շատ հստակ թվերով ու ցուցանիշներով։ Փորձելու ենք թեկուզ փոքր խմբերով մտնել յուրաքանչյուր բնակավայր և տեղ հասցնել մեր ասելիքը»,-ասել է Սաղաթելյանը։
Նա նշել է, որ իրենք խոսելու են երաշխավորված ապագայից՝ առանց պոպուլիզմի, հստակ թվերով, ու ամբողջ Հայաստանում փորձելու են թեկուզ փոքր խմբերով մտնել բնակավայրեր և իրենց ասելիքը տեղ հասցնել։