կարևոր
2527 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-24 22:00

Սյունիքում բանակցությունները չեն շարունակվում, փոխարենը Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույցներ է ունենում

Սյունիքում բանակցությունները չեն շարունակվում, փոխարենը Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույցներ է ունենում

Հայ և ադրբեջանական կողմի զինվորականների միջեւ բարձր մակարդակով բանակցություններ տեղի չեն ունենում արդեն 5 օր։

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ նախապես համաձայնեցված բանակցությունները չեղարկվել են, քանի որ ադրբեջանական կողմը բանակցությունների չէր ներկայացել։

ՊՆ-ից հայտնել են, որ բարձր մակարդակով բանակցությունների մասին տեղեկություններ այս պահին չկան։  Փոխարենը Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը հեռխոսազանգեր և հանդիպումներ է ունենում տարբեր պաշտոնյաների հետ:

Այսօր նա կրկին հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։

Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ադրբեջանական սադրանքի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը և վերջին օրերի զարգացումները։

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ շեշտել է, որ բացարձակ անթույլատրելի են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ոտնձգությունները և նշել, որ խնդրի հանգուցալուծման հարցում կարևորում է նաև ՀԱՊԿ ակտիվ դերակատարությունը։

Ստանիսլավ Զասը հավաստիացրել է, որ ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են ստեղծված իրադրության շուրջ զարգացումներին և որ կառույցը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր՝ խնդիրը խաղաղ հանգուցալուծելու համար։ 

Ինչպես արդեն հայտնի է մայիսի 12-ին ադրբեջանական կողմը ներխուժել է ՀՀ տարածք ու դիրքավորվել Սյունիքի, Գեղարքունիքի Վայոց Ձորի սարերում. Առ այս պահը նրանց ՀՀ տարածքից հեռացնելու գործուն քայլեր չեն ձեռնարկվել։