կարևոր
2995 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-24 19:38

Փաշինյանի հերթական մերկապարանոց հայտարարության հետքերով. «ադրբեջանական գործակալներով» Դատախազությունը չի զբաղվել

Փաշինյանի հերթական մերկապարանոց հայտարարության հետքերով. «ադրբեջանական գործակալներով» Դատախազությունը չի զբաղվել

Նիկոլ Փաշինյանի առերեւույթ հանցագործության մասին Անվտանգության խորհրդի նիստում եւ Ազգային Ժողովի ամբիոնից արված հայտարարության փաստով գլխավոր դատախազությունը չի պատրաստվում իրավական գործընթաց սկսել։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, Անվտանգության խորհրդի նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Հայաստանի Հանրապետությունում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ, որոնց անուն-ազգանունները նույնիսկ պատրաստ էր նշել»։ 

Նույնը նա հայտարարել է նաեւ Ազգային Ժողովի ամբիոնից։ Փաստացի ուղիղ մեղադրում էր ընդդիմադիր գործիչներին ադրբեջանական կողմին ծառայելու մեջ, ինչն ինքնին հանցագործություն կարելի է դիտարկել, եւ իրավապահները հետաքննություն պետք սկսեին։

Երկիր Մեդիա հեռուստաընկերությունը ՀՀ դատախազությանը գրավոր հարցում ուղղեց՝ արդյոք ՀՀ Գլխավոր դատախազությունը, վերընշյալ հայտարարության հիման վրա, սկսե՞լ է իրավական գործընթաց առերեւույթ հանցագործության, առավել եւս՝ պետական դավաճանության հանցակազմի մասին հայտարարության առիթով։ Դատախազությունից ստացված պատասխանում նշված է՝ Ձեր հարցման մեջ նշված հանգամանքի կապակցությամբ քրեադատավարական կարգով հարուցված վարույթ չկա: 

Դատախազությունը, ամենայն հավանականությամբ, ենթադրել է, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակի մերկապարանոց հայտարարություններ է արել եւ դրանք փաստերով անհնար է ապացուցել, ու ավելի լավ է քրեական գործ չհարուցվի, որը հետո տապալվելու է։

Սա Փաշինյանի կողմից արված առաջին նման հայտարարույթունը չէ։ Հիշեցնենք նաեւ, որ դեռ դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր, թե պատերազմի ժամանակ զենքի պահեստից զինվորականներին չեն թողել զենք ստանալ։ Անգամ ասել էր, որ կա հստակ անուն։

Այդ օրերին մեր հեռուստաընկերության կողմից արված գրավոր հարցումից հետո հարուցվել էր քրեական գործ։ Սակայն արդեն 6 ամիս տեւող նախաքննության ընթացքում չկա գեթ մեկ կասկածյալ, ոչ մի մեղադրյալ։