Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները չեն սահմանափակվում Արցախի հիմնախնդրով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Արգումենտի ի ֆակտի» պարբերականին տված հարցազրույցում Լավրովն ասել է, որ 2 երկրի միջեւ հաստատված է աննախադեպ ակտիվ եւ վստահելի քաղաքական երկխոսություն՝ ամենաբարձր մակարդակներում:
Հարցին, թե արդյոք Ռուսաստանին հաջողվե՞լ է պահպանել ջերմ հարաբերություններ Հայաստանի հետ՝ մեր երկրի համար Արցախում հակամարտության անբարենպաստ ելքից հետո, Լավրովն ասել է, որ ռուս-հայկական հարաբերությունները ժամանակով են ստուգված եւ կասկած չունի, որ դրանք կշարունակեն զարգանալ փոխվստահության, ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային փոխհարաբերությունների ոգով:
«Ռուսաստանը միշտ պատրաստ է աջակցել եղբայրական հայ ժողովրդին: Դրա վկայությունն են Ռուսաստանի եւ, անձամբ, նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ հաջողվել է դադարեցնել ռազմական գործողությունները Արցախում եւ սկսել տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործընթաց»,- ասել է Լավրովը:
Ռուսաստանի արտգործնախարարը նշել է նաեւ, որ նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները, ընդհանուր առմամբ, հաջողությամբ իրականացվում են: